▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր վիրաբույժը մնաց կալանավորված.«Ժողովուրդ»

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, երեկ մերժեց Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց` գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, ինչը, բժշկի պաշտպաններ Ռուբեն Հակոբյանի եւ Մհեր Դավթյանի համոզմամբ, «վերեւից ստացված դաբրո»-ի հետեւանք է:

Հիշեցնենք, որ անչափահասի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել, ապա որպես մեղադրյալ ներգրավվելով՝ կալանավորվել է Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: Վանաձորում ձեռքի գնդակի մրցումների մասնակցող 15-ամյա երեւանցի Դավիթ Հովակիմյանի դանակահարության եւ սպանության համար սկզբում մեղադրանք էր առաջադրվել վանաձորցի Կարեն Կունգուրցեւին: Բայց վերջինիս փաստաբանների պահանջով, մահվան անմիջական պատճառի հետ կապված, առաջ էր քաշվել նաեւ վիրահատող բժշկի մեղավորության հարցը: 10 ամիս տեւած նախաքննության ընթացքում նշանակվել են հանձնաժողովային եւ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, եւ ստացվել են 2 հակասական եզրակացություններ:

Առաջինով բժիշկը պարտավոր էր կատարել որոշակի գործողություններ, որոնց արդյունքում, սակայն, միանշանակ չէ, որ կկանխվեր մահը, երկրորդով՝ անչափահասի մահը կապված է բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետ: Նախաքննական մարմինը հիմք է ընդունել երկրորդը, Կունգուրցեւին առաջադրված մեղադրանքը վերաորակել է ավելի մեղմ հոդվածով՝ սպանության փորձի, իսկ բժշկի մասով քրգործն առանձին վարույթում առանձնացնելով՝ նրան մեղադրանք է առաջադրել Քրօր. 130 հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը դատարանը կալանավորման որոշում է կայացրել՝ մերժելով պաշտպանի կողմից 500 հազար դրամ գրավի կիրառման միջնորդությունը:

Թեեւ կալանքի որոշումը կայացված է, բայց սեպտեմբերի 10-ին դատարան էր ներկայացվել նոր միջնորդություն՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու մասին: Միջնորդության հետ դատարան էին ներկայացվել փաստաթղթեր՝ տեղեկանք առողջության մասին, բնութագրեր ու երաշխավորագրեր. 61-ամյա բժիշկը 38 տարվա մասնագիտական ստաժ ունի, իր վիրահատություններով բազում կյանքեր է փրկել, խրախուսվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով: Բացի այդ` նա վատառողջ է, ինչի պատճառով «Վանաձոր» ՔԿՀ բուժմասի ստացիոնարում է գտնվում: Համատիրությունների նախագահներն իրենց գրություններով երաշխավորել են, որ, մնալով ազատության մեջ, վիրաբույժը չի թաքնվի իրավապահներից: Նմանատիպ խնդրանք-երաշխավորագրեր են ներկայացրել նաեւ Վանաձորի ԲԿ-ի տնօրինությունն ու աշխատակազմը, Վանաձորի քաղաքապետն ու նրա աշխատակազմը, Լոռու մարզպետը, ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի նախագահը, 679 բուժաշխատողներ ամբողջ հանրապետությունից: Բացի այդ, նախկին 500 հազար դրամի փոխարեն, որը դատարանը, հնարավոր է, բավարար երաշխիք չէր համարել պատշաճ վարքագիծ ապահովելու համար, պաշտպանական կողմը, որպես գրավի առարկա, այժմ դատարանին առաջարկում էր մեղադրյալի որդուն սեփականության իրավունքով պատկանող առանձնատունը՝ 60 մլն դրամ արժողությամբ: Սակայն, չնայած այս ամենին, դատարանն անփոփոխ թողեց բժշկի կալանավորման որոշումը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more