▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակոծության վտանգից.«Ժողովուրդ»

Հունվարի 18-ին եւ 19-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցը չի գործել: Դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (ի դեպ, նա Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) ասաց, որ հունվարի 11-ին եւ հունվարի 17-ին Կոթի գյուղն ադրբեջանական հենակետերից հրետակոծվել է, եւ  բազմաթիվ ընտանիքներ վտանգի պատճառով իրենց երեխաներին գյուղից տեղափոխել են այլ բնակավայրեր:

Դպրոցի տնօրենի վկայությամբ՝ հունվարի 11-ին ազերիների ոտնձգություններից հետո դպրոցում ուսումնական գործընթացը բնականոն հուն էր վերադարձել, սակայն հունվարի 17-ին  ազերիների հերթական գնդակոծությունները կրկին խափանեցին դպրոցական պարապմունքները: Մ. Սիրադեղյանը նաեւ հայտնեց, որ Կոթիի դպրոցում տեղադրված է ջեռուցման կենտրոնացված համակարգ, որը գործում է դիզելային վառելիքով: Այդ համակարգում խափանություն կա, շարքից դուրս է եկել  կաթսայի բոցայրիչը: Սակայն դպրոցի տնօրենի հավաստմամբ` դասապրոցեսի հիմնական խոչընդոտը դա չէ, հունվարի 21-ին Վանաձորից անհրաժեշտ պահեստամասը կբերվի Կոթի, եւ համակարգը կգործարկվի: Դասերի անցկացման  խոչընդոտը սահմանագոտում տիրող իրավիճակն է: Մ. Սիրադեղյանն ասաց, որ  հունվարի 17-ի երեկոյան ադրբեջանական զինուժը նռնականետերով կրակ է բացել Կոթի գյուղի վրա, նռնակներ են ընկել գյուղի հենց կենտրոնում, որտեղով ձգվում է դպրոց տանող հիմնական ճանապարհը: Եվ հիմա կոթեցի ծնողներն անհանգստացած են իրենց երեխաների կյանքի համար, ուստի այս իրավիճակում, բնականաբար, չեն ցանկանա իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Նշենք, որ  Կոթիի միջնակարգ դպրոցն ունի 235 աշակերտ:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more