▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղ չկա, որ շուն չլինի. Ղուկասյանը՝ ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Ղուկասյան, հետեւո՞ւմ եք ներքաղաքական զարգացումներին: Եռյակն իշխանափոխության պահանջ է դնում, որին միացել է նաեւ Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստանով»:

Ես դեմ եմ իշխանափոխությանը, որովհետեւ գիտեմ, որ այդ սկզբունքով յուրաքանչյուր իշխանափոխություն տարել է բացասական հետեւանքների, երկիրը հայտնվել է տնտեսական վատ վիճակում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա դա չեմ հասկանում: Բա իրե՞նք չէին, որ մի ժամանակ հելել կանգնել էին իշխանության կողքը, կոալիցիա էին ստեղծում, էսօրվա նախագահին էին պաշտպանում: Հիմա ի՞նչ եղավ, ի՞նչ տեղի ունեցավ: Դե, որովհետեւ էնքան խաղեր են խաղացել, որ հիմա քաղաքականապես հարուստ մարդն էլ չի հասկանում, թե նրանք ինչ են ուզում ընդհանրապես:

ԲՀԿ-ն եւ մյուսները համարում են, որ երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակը, արտագաղթի ծավալների ավելացումը, աղքատության մակարդակի աճը եւ այլ արատավոր երեւույթներ պայմանավորված են հենց Սերժ Սարգսյանով եւ նրա ղեկավարած ռեժիմով:

Բայց իրենք ժամանակին հենց այդ իշխանության մի մասնիկն էին, մասնակից էին այդ բոլոր գործընթացներին: Բա իրենք իրենց մեղքի բաժինը չունե՞ն: Բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:Թե՞ աթոռներն են հետաքրքիր: Ես աթոռակռվին դեմ եմ: Ես բարեփոխումներին եմ կողմնակից: Որ ժողովուրդն այսօր վատ վիճակում է, որ ժողովուրդն այսօր դուրս է եկել փողոց, նման քայլերի է դիմում, ապա պետք է նստել եւ հասկանալ պատճառները: Ոչ թե առիթն օգտագործելով՝ աթոռակռիվ տան, այլ բոլորով նստեն քննարկեն խնդիրները եւ լուծում տան ու շարունակեն հետագա համագործակցությունը:

Ծառուկյա՞նն է աթոռակռիվ տալիս:

Բոլորի մասին եմ խոսում, բոլորին, ովքեր հրապարակ են դուրս եկել: Նրանք բոլորն էլ ուրիշ շահեր ունեն: Ընդհանրապես, աթոռակռիվն ուրիշ բան է, իսկ ժողովրդի շահերը պաշտպանելը՝ ուրիշ:

Իսկ դուք ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին ընդդիմություն համարո՞ւմ եք: Ընկալվում է նա որպես ընդդիմադիր՝ ձեր կարծիքով:

Ես Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի թշնամանք չունեմ: Ես հարգել եմ իրեն, լավ էլ գործեր է անում, իր ունեցվածքից ողորմություններ է տալիս: Չկա մի կուսակցություն, որ մեջը լավ կամ վատ մարդիկ չլինեն, գյուղ չկա, որ շուն չլինի: Նրանք բոլորն էլ հայ են, հայի զավակներ են, բայց էս պահին, պատերազմական այս պայմաններում իշխանափոխության պահանջ դնելը աբսուրդ է: Չնայած Ծառուկյանը դեռ նման բան չի էլ ասել: Բայց այ, իրենց առաջարկած 12 կետերին դեմ չեմ, դրանք շատ լավ կետեր են: Ես կողմնակից եմ, որ առաջարկություններ արվեն ի շահ մեր պետության եւ ժողովրդի: Թող այդ կետերը քննարկեն ԱԺ-ում եւ համաձայնության գան, նստեն քննարկեն: Իսկ առհասարակ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն համարվել, այն էլ՝ արմատական ընդդիմություն: Իրենք մի ժամանակ ասում էին, որ իրենք այլընտրանք են, այդպես էլ կա»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more