▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկային տեսուչը չարաշահել է պաշտոնեական դիրքը. հարուցվել է քրեական գործ

Անհատ ձեռնարկատեր Գոհար Վ.-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու դեպքի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության աշխատակից Տ. Մ.-ն, ինչպես ծառայողական պարտականությունների կատարման, այնպես էլ հիշյալ քրեական գործով որպես վկա հարցաքննման արդյունքում տեղեկանալով նախաքննական մարմնին հետաքրքրող հանգամանքների մասին, 2016թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում, Գոհար Վ.-ին և վերջինիս հորը՝ Ռազմիկ Վ.-ին, պարբերաբար տրամադրել է դրանց վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև խորհուրդներ տալով և գործուն քայլեր ձեռնարկելով, փորձել է հնարավորինս օգնել վերջիններիս և նրանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին:

Բացի այդ, Տ. Մ.-ն իրականացնելով վերջիններիս պատկանող կազմակերպությունների հաշվապահության հաշվառումը, Գոհար Վ.-ի հետ միասին կազմել և հարկային տեսչություն է ներկայացրել հաշվետվություններ` ՍՊ ընկերության կողմից հնարավորինս պակաս հարկային պարտավորություններ առաջացնելու նպատակով:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more