Statoz.com կայքը վերջերս հրապարակեց Youtube-ում տեղադրված տեսահոլովակների վիճակագրությունն` ըստ երկրների: Դրանց շարքում ընդգրկվել էր նաև Հայաստանը` հրապարակված ցուցանիշներով առիթ տալով բոռն քննարկման և տարակարծությունների: Իսկ դրանց համար պատճառները քիչ չէին: Բանն այն է, որ, ըստ կայքի, ստացվել էր հետևյալ պատկերը. հայաստանյան տեսահոլովակների շարքում դիտումների քանակով առաջին տասնյակում ընդգրկվել էին ներքոհիշյալ տեսահոլովակները: Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի «Ինչո՞ւ եմ քեզ սիրում» երգի տեսահոլովակը տասներորդն էր՝ 1,711,636 դիտումով: Թեև «Блатной удар»-ի «Доля воровская» երգն արդեն հեռացվել է Youtube-ից, բայց ժամանակին այն գրանցել էր 1,788,711 դիտում և աղյուսակում շարունակում է մնալ հայաստանյան ամենադիտված տեսահոլովակների ցանկի 9-րդ հորիզոնականում: Ութերորդը Տիգրան Ասատրյանի «Հայի սիրուն աչքեր» կատարումն էր՝ 1,797,498 դիտումով: Սիրուշոյի «Erotas»-ը 7-րդն էր՝ 1,880,796 դիտումով: Թաթա Սիմոնյանի «Տեսել եմ» երգը գրանցել էր 1,943,780 դիտում և 6-րդն էր, սակայն այն տեղադրված է եղել անհայտ օգտատիրոջ կողմից և հեռացվել է «Թաթա փրոդաքշն»-ի բողոքարկումից հետո: Սիրուշոյի «Քելե քելե»-ն հատել էր 2 միլիոնի սահմանը և 5-րդն էր՝ 2,020,537 դիտումով: 4-րդը Միհրան Ծառուկյանի «Սիրո կինոն» էր՝ 2,747,909 դիտումով: Արմենչիկի «Վերադարձ»-ն իր դիտումներով լավագույն եռյակում էր՝ 2,932,229 դիտումով: Հայաստանյան ամենադիտված տեսահոլովակներից երկրորդը Տիգրան Ասատրյանի «Սիրեմ-սիրեմ» երգն էր. այն անցել է 3 մլն-ի սահմանը՝ 3,282,859 դիտում: Հաջորդ 3 միլիոնանոց և ամենաշատ դիտումն ունեցել է Սիրուշոյի «Քելե քելե» երգի եվրատեսիլյան կատարումը՝ գրանցելով 3,509,787 դիտում:
Ինչ խոսք, վիճակագրության արդյունքները պետք է որ ոչ միայն գոհացուցիչ, այլև ապշեցուցիչ լինեն հայկական շոուբիզնեսի վերոնշյալ ներկայացուցիչների համար: Բայց արի ու տես, որ նույն YouTube-ի օգտատերերը Facebook սոցցանցում հիացմունքի փոխարեն իրենց դժգոհությունն են արտահայտել կայքի հրապարակած տվյալների վերաբերյալ:
Ամալյա Հովհաննիսյանն, օրինակ, գրել է. «Ցավում եմ, որ այսպիսի պատկեր ունենք: Շատ կուզենայի ամենադիտվածների ցանկում լինեին «Դորիանսը», «The Beautified Project»-ը, Ռուբեն Հախվերդյանը, Արթուր Մեսչյանը... ու այլ երաժիշտներ»:
Ընդառաջ գնալով որոշ ֆեյսբուքցիների հորդորներին, որոշեցինք մի փոքրիկ հետազոտություն կատարել` անդրադառնալով մյուս` «ամենադիտվածների» ցանկից դուրս մնացած երգիչ-երգչուհիներին: Առաջնորդվելով ոչ այնքան սեփական ճաշակի, որքան մեր երաժշտասեր հանրության պահանջով, ինչպես նաև հաշվի առնելով որոշ արտիստների մասսայականություն վայելելու հանգամանքը, փորձենք սոսկ զուգահեռ անցկացնել հայաստանյան և արտասահմանյան որոշ արտիստների տեսահոլովակների ընդհանուր դիտումների քանակների միջև: Օրինակ` Հայաստանում և Հայաստանից դուրս հեղինակություն վայելող երաժիշտ, երգահան Ռուբեն Հախվերդյանի և Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) զուգերգը`«Սարերի քամի»-ն ապահովել է շուրջ 45 849 դիտում (Ռուբեն Հախվերդյանի ամենադիտված հոլովակը-«Կորցրած երազն»-է `շուրջ 475 449 մուտքով, սակայն մենք անդրադարձել ենք տեսահոլովակ ունեցող երգերին): Փաստորեն` Տիգրան Ասատրյանի «Հայի սիրուն աչքեր»-ը շուրջ 39 անգամ գերադասելի է, քան Հախվերդյանի ու Փամբուկչյանի «Սարերի քամի»-ն:
Իսկ եթե մեր շուբիզնեսյան տեսահոլովակների դիտումների աստղաբաշխական ցուցանիշները համեմատելու լինենք ռուսական շոու-բիզնեսի ոչ պակաս պայծառ աստղերի տեսահոլովակների գրանցած դիտումների ցուցանիշի հետ, ապա էլ ավելի արտառոց ու զարմանալի զուգորդումների կարող ենք հանգել: Այսպես` դեռևս 2007 թվականից YouTube-ում տեղադրված Ալլա Պուգաչևայի և Քրիստինա Օրբակայտեի զուգերգի հիման վրա նկարահանված «Опять метель» տեսահոլովակը հասցրել է ապահովել ընդամենը 2 538 334 դիտում: Այսինքն`լայնածավալ Ռուսաստանի 150 միլիոնանոց բնակչությունը 5 տարում ավելի քիչ է դիտել իր աստղային զույգի կատարումը, քան Հայաստանի բնակչությունը` իր փառապանծ զավակների` Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի «Թե ինչու եմ քեզ սիրում» զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Եթե առաջնորդվելու լինենք վերը հիշատակված թոփ-տասնյակի ցուցանիշներով, ապա պետք է նաև միամտաբար հավատանք, որ որոշ համաշխարհային մեծություններ, ինչպես օրինակ` մեծանուն ջազ երգչուհի Բիլլի Հոլիդեյը, հայտնի «Boney M» խումբը իրենց տեսահոլովակների դիտումների ցուցանիշով զիջում են Թաթային, Սիրուշոյին, Սիրուշոյին, Արմենչիկին , Միհրան Ծառուկյանին (Հոլիդեյի տեսահոլովակը`«The Blues are Brewin» երգի հիմա վրա ապահովել է 1 884 886, իսկ Boney M-ի հայտնի «Suny»երգի տեսահոլովակը`2 660 002 դիտում):
Պարզվում է` նույնիսկ Սթինգը պետք է առնվազն Արմենչիկ լիներ, որ իր «Fields of gold» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը`2 639 673 դիտմամբ, գերազանցեր «Վերադարձ»-ին:
Ուրեմն` ինչպե՞ս է ստացվել, որ հայ աստղերն ակամայից գերաստղեր են հռչակվել, ո՞րն է այս տեսահոլավակների առավել քան բարձր ցուցանիշների «առեղծվածը»: Ու ենթադրել միայն, որ հայերիս ճաշակը սահմանափակվում է վերոնշյալ վիճակագրության ներառած աստղերի շրջանակներում միայն, նույնպես սխալ կլինի:
Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայկական տեսահոլովակների «աստղաբաշխական դիտումների» քանակին, մատնանշեց երկու կարևոր հանգամանք. նախ` YouTube-ի ամեն օգտատեր, նույնիսկ եթե նա նույն համակարգչից տվյալ տեսահոլովակը դիտելուց բացի դրա ներքո մեկնաբանություն է թողնում, ավտոմատ կերպով ավելացնում է տեսահոլովակի դիտումների քանակը: Փորձագետն ընդգծեց նաև, որ YouTube-ն արդեն անկարող է վերահսկել մեծ քանակությամբ կեղծ դիտումների ավելացման տենդենցը, որն ապահովվում է ՏՏ հատուկ մասնագետների շնորհիվ:
Հայ աստղերից ոչ քչերն էլ, թերևս, չեն հրաժարվում այս մասնագետների ծառայությունից, այլապես` ինչպե՞ս հասկանանք, որ Հախվերդյանը Ասատրյանին չի «հասնում», Պուգաչեվան ու Օրբակայտեն` Լիլիթ Հովհաննիսյանին ու Միհրան Ծառուկյանին, Սթինգը` Արմենչիկին և այսպես շարունակ:
Հեղինակ` Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ