Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը և կողմերից առաջարկներ է ակնկալում նման հանդիպման ժամկետների վերաբերյալ։
Այս մասին չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Մենք ողջունել ենք մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը»,- ասել է Զախարովան:
Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղում (Փառուխում֊խմբ․) ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի հետ։
«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի մեկնարկը և համակարգված աշխատանքը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի կանխմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում»,- ընդգծել է Զախարովան։