▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ռազմագերու ճակատագիրն անհայտ է. «Ժողովուրդ»

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, հայ-ադրբեջանական շփման գծում ծառայություն իրականացնող 22-ամյա ժամկետային  զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով  հատել էր շփման գիծը եւ գերեվարվել հակառակորդի կողմից:  Առ այսօր գերեվարված հայ զինվորին  վերադարձնելու  կամ, առհասարակ, երրորդ երկիր տեղափոխելու  մասին դեռեւս խոսք չկա:

 

Հակառակորդ կողմը դեպքից հետո ժամանակ չկորցրեց հայտարարելու, թե  իբր Հակոբը ցանկանում է երրորդ երկիր գնալ, սակայն դեպքից անցել է  արդեն 10 ամիս եւ անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու է  ձգձգվում հայ գերուն երրորդ երկիր տեղափոխելու հարցը եւ, առհասարակ, որքանով է այսօր Կարմիր Խաչն  անաչառ ու թափանցիկ աշխատում: Հիշեցնենք, որ Կարմիր Խաչն օրերս Ինջիղուլյանի հարազատներին նամակ էր  փոխանցել, որտեղ մի քանի տող ջնջված էր եղել: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, թե ինչու են հայ զինվորի նամակից որոշ տողեր ջնջված եղել, ԿԽՄԿ-ի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին  ասել էր. «Նամակները երբեւէ չպետք է պարունակեն որեւէ ինֆորմացիա անձնականից դուրս: Եթե լինում են նման դեպքեր, Կարմիր Խաչի 3-րդ կոնվենցիայի 71-րդ հոդվածը թույլ է տալիս խմբագրել ռազմագերու նամակները: Հակառակ դեպքում՝ կվնասվի Կարմիր Խաչի ֆունկցիան` որպես անաչառ ու թափանցիկ աշխատող կողմի»:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:

 -Պարոն Աթանեսյան, անցել է շուրջ 10 ամիս եւ հայ զինծառայողին, ըստ հակառակորդ կողմի հայտարարության, երրորդ երկիր տեղափոխելու գործընթացն ուշանում է: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:

- Ցավալի է,  կիսում եմ նրա հարազատների անհանգստությունը: Կարմիր Խաչից նամակ էր եկել  եւ այնտեղ ջնջված տողեր էին եղել, զինվորի հարազատները փորձում էին հասկանալ,  թե ինչու  է Կարմիր Խաչը գրաքննության ենթարկել զինվորի նամակը: Մի բան կարող եմ ասել, որ  այս ամենը Կարմիր Խաչի գործունեությունը լավագույնս չբնութագրող էլեմենտ էր: Իսկ երրորդ երկիր հայ զինծառայողին տեղափոխելը Ադրբեջանի քարոզչական  հնարքներն են, որոնք նրանք  միշտ էլ օգտագործել են: Ճիշտ է, դա հակասում է   միջազգային բոլոր կոնվենցիաներին: Պարզապես միջազգային կառույցները պետք է Ադրբեջանին պարտադրեն, որ նա հարգի ռազմագերու իրավունքները:

-Ըստ Ձեզ, որպես ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ,  արդյոք 10 ամիսը շատ երկար ժամանակ չէ՞, որ  ռազմագերուն երրորդ երկիր տեղափոխեն: 

-Դատելով այս ձգձգվող ժամանակից, ըստ երեւույթին ռազմագերին երրորդ երկիր գնալու ցանկություն չունի: Եթե Ադրբեջանն ուզենար, այդ հարցը արագ կլուծեր: Օրինակ՝ Ադրբեջանը կարող էր շատ արագ կազմակերպեր եւ ռազմագերուն ուղարկեր այնպիսի մի երկիր, որի հետ իր հարաբերությունները հոյակապ են, ասենք՝ Ղազախստան: Իմ կարծիքով՝ հայ ռազմագերին չի ցանկանում երրորդ երկիր գնալ, այլ ուզում է վերադառնալ իր հայրենիք, քանի որ մենք ռազմագերի ընկած զինվորներին չենք դատում, իսկ Ադրբեջանում դա համարում են պետական դավաճանություն եւ երկարաժամկետ դատում են: Սա ապացուցում է, որ մենք գործ  ունենք միջազգային պայմանագրերը շահագործող երկրի հետ:

-Այս ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հայտարարել է, որ դիմել է Կարմիր Խաչին եւ նրանք ամեն ինչ անում են՝ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար: Արդյոք ճի՞շտ է հույսը միայն միջազգային  կառույցի վրա դնելը:

-Ըստ երեւույթին, Պաշտպանության նախարարությունը չի ուզում լրատվության միջոցներով հրապարակայնացնել այն, ինչ ինքն է անում ռազմագերուն վերադարձնելու համար: Սա Կարմիր Խաչի խնդիրն է:

-Իսկ Կարմիր Խաչին վստահո՞ւմ եք։

-Անձամբ որեւէ միջազգային կառույցի չեմ վստահում, բոլորն էլ քաղաքական նպատակներ են հետապնդում եւ  ինչ-ինչ շահեր են սպասարկում:  

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արցախ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more