▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը բավարար պաշտպանություն ցույց չի տալիս իր կինոգործիչներին». Հովհաննես Իշխանյան

«Ֆիլմի գրաքննությունը նույնն է, ինչ որ հուշարձանի վերացումը»,- ի պաշտպանություն հայկական ֆիլմերի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի միջամտությամբ միջազգային կինոփառատոներից դուրս հանվող հայկական ֆիլմերին: «Այս տարի աշնանը 2 հայկական ֆիլմ է գրաքնվել՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» (All I Need) ֆիլմը, որը Մարոկոյի փառատոնից է հանվել՝ Ադրբեջանի սպառնալիքների տակ, մյուսը՝ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը, որը հորդանանը ներկայացրել էր օսկարի լավագույն միջազգային ֆիլմ կատեգորիային ու հետո հետ են կանչել»,- նշեց ռեժիսորը և ընդգծեց, որ սա դարձել է անիվ, պտտվում է և, երբ որ չկա հակազդեցություն, ինչքան կուզեն կանեն. «Դիմել ենք ԱԳՆ-ին և ԿԳՄՍ-ին, որտեղից պատասխանել են, որ ռեժիսորները մեզ չեն դիմել, դրա համար այդ գործով չենք զբաղվել: Այս պատասխանը բավարար չէ»: Ռեժիսորի խոսքով Ադրբեջանը հաջողությունների է հասնում, քանի որ «Հայաստանը բավարար պաշտպանություն ցույց չի տալիս իր կինոգործիչներին»:

***

 

«Հայկական ֆիլմերը, որ տարբեր երկրներում ներկայացվում են կինոփառատոների, մանավանդ այն ֆիլմերը, որոնց մեջ կա ազգային բովանդակություն, հայկական օրակարգ, Արցախի հետ կապված ինչ-որ առնչություն, հետևողական ձևով ադրբեջանական դիվանագիտական միջամտություններով հանվում են կինոփառատոների օրակարգից»,- ի պաշտպանություն հայկական ֆիլմերի՝ «ՀայաՔվե»-ի, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի համատեղ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը: Նա նշեց, որ երբ համապատասխան հարցով դիմում են ներկայացնում պատկան մարմիններին՝ ԱԳՆ-ին, ԿԳՄՍ-ին, զանազան պատճառաբանություններ են բերում՝ ասելով, որ իրենք ոչինչ չեն կարող անել: «Սա հանրային կյանքում պետության չգոյության ևս մեկ դրսևորում է, պետության կողմից իր քաղաքացիների, իր իրավաբանական անձանց իրավունքների և շահերի միտումնավոր չպաշտպանություն: Համապատասխան օղակները իրենց տեղում չեն, չեն աշխատում: Դրա համար ստիպված քաղաքացիական հասարակությունն է իր վրա վերցնում հայկական օրակարգ բովանդակող ֆիլմերի ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանությունը»,- ընդգծեց Սողոմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more