▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում երկինքը կարծես թե կրկին «փակվեց».«Ժողովուրդ»

Հայաստանում երկինքը կարծես թե կրկին «փակվեց»: ՀՀ Կառավարության նախորդ ներկայացուցիչների կողմից հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականությունը հնարավոր չեղավ շարունակել: «Էյր Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընկերությունը պայմանագիր է ստորագրել «East Prospect Fund» ընկերության հետ՝ նրան դարձնելով 49 տոկոսի բաժնետեր: Ընկերությունը ռուսական է, եւ երեկվա ասուլիսին մասնակցում էին նաեւ «East Prospect Fund»-ի ներկայացուցիչներ Վլադիմիր Բաբիլյովը եւ Եկատերինա Պավլյուկը: Իսկ մյուս՝ 51 տոկոսը պատկանում է հենց Արսեն Ավետիսյանին: Նրա պարզաբանմամբ՝ վերջին շրջանում ավիատոմսերի վաճառքը նվազել էր շուրջ 50 տոկոսով, որն էլ պատճառ էր դարձել կանոնավոր ուղեւորափոխադրումների դադարեցման համար, եւ այս ընթացքում իրենք զբաղված էին նոր ներդրողներ փնտրելով:

Իհարկե, համոզիչ խոսքեր են. աղքատության եւ արտագաղթի նման տեմպերի պայմաններում նախ՝ մարդկանց թիվն է պակասել երկրում, ապա՝ վճարունակների, ուստի ավիատոմսերի վաճառքի նվազումը տրամաբանական է: Բայց իրականում հասկանալի է, որ միակ հայկական ավիափոխադրող ընկերությանը ռուսական «գայլերը» պարզապես կուլ տվեցին: Մեկ տարի էլ դեռ գործունեություն չէր ծավալել «Էյր Արմենիան» (նրանք սկսել են աշխատել նախորդ տարվա հոկտեմբերի 22-ից), երբ սեպտեմբերի 11-ին Ռուսաստանում ավիահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինը՝ «Ռոսաէրոնավիգացիան», ռուսական լրատվամիջոցների միջոցով հայտարարություն տարածեց առ այն, որ «Էյր Արմենիա» ընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստան, ինչը մեծ վնաս է հասցրել եւ լուրջ խնդիրների պատճառ դարձել ընկերության համար: Պարզվեց՝ «Էյր Արմենիայի» ուղարկած գումարները եվրոպա-ամերիկյան պատժամիջոցների պատճառով չէին ստացել ՌԴ-ում: Բնականաբար, մեկ տարեկան նորաթուխ ընկերության համար սա շատ մեծ հարված էր, եւ չդիմացավ: Թեեւ խոսվում էր, որ «Էյր Արմենիայի» թիկունքում կանգնած է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, այնուամենայնիվ, նույնիսկ այդ պարագայում հնարավոր չեղավ պահպանել միակ հայկական ավիաընկերություն լինելու տիտղոսը: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ նախատեսվածի համաձայն՝ դեկտեմբերի 20-ից «Էյր Արմենիան» չի վերսկսի չվերթները: Դեռ պետք է վերազինվեն, պատրաստվեն եւ այլն:

Այսպիսով՝ ՀՀ Կառավարությունը ոչինչ չկարողացավ անել՝ «փրկելու» հայկական միակ ավիաընկերությանը:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more