▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքի ու Մայր Եկեղեցու շահերից բնավ չբխող այս գործընթացները որևէ առնչություն չունեն Աստծո, Նրա խոսքի և Քրիստոսի Մարմնի հետ

«Ամանորյա իր պատգամի մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հստակ ուղերձներ հղեց ամենքիս՝ և՛ հոգևորական, և՛ աշխարհական իր զավակներին, անխտիր ամենքին՝ անկախ աստիճանից ու հանգամանքից։ Թերևս պետք է վերստին ունկնդրել, վերընթերցել։

Օրինակ՝ «Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»,- հռչակում է Սուրբ Գիրքը (Ա Կոր. 14։33)։ Մեր կյանքում երկնապարգև խաղաղությունը, օրհնություններն ու շնորհները հաստատուն են մնում միմյանց նկատմամբ սիրո, ներողամտության և համերաշխության դրսևորմամբ։ Հիրավի, խաղաղության և սիրո մեջ է գործում Աստված, և իրական սերն ու ներքին խաղաղությունն են բարիք դառնում թե՛ անհատի և թե՛ ժողովրդի համար», – ասում է նա:

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին գուցե իսկապես պետք է կանգ առնել և դադարեցնել համատարած այս աղմուկը, վերականգնել ներքին ներդաշնակությունը և լսել Աստծո ձայնը, Ով վստահաբար չի ցանկանում Իր զավակների անիծաբեր կյանքը, պառակտումները, առավել ևս կործանումը։ Թողնենք, որ Աստված ճշմարտապես գործի մեր մեջ, վստահենք Տիրոջը։

Հայրենիքի ու Մայր Եկեղեցու շահերից բնավ չբխող, հարափոփոխ հիմնավորումներով ուղեկցվող այս գործընթացները, որ հանիրավի բզկտում են մարդկանց սրտերն ու հոգիները, վիրավորում հավատքը, քայքայում արժեհամակարգը, որևէ առնչություն չունեն Աստծո, Նրա խոսքի և Քրիստոսի Մարմնի հետ, որ Նրա Սուրբ Եկեղեցին է։Կան երկնային իրողություններ, որոնց հետ այնուամենայնիվ պետք է հաշվի նստել։ Ի վերջո դրանց վրա է հենց հաստատված Եկեղեցին իր բոլոր պատասխանատվություններով ու պարտականություններով։ Իսկ իրավունքի և իրավասության մասին այս լույսի ներքո արժե լրջորեն խորհել»։

Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more