▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի որդու դին՝ հրազենային վնասվածքով

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 16-ից Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ոստիկանության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության, ինչպես նաև Գավառի հրշեջ-փրկարական ջոկատի և Սևանի հատուկ ջրասուզակների և Նորատուս գյուղի բնակիչների որոնողական աշխատանքները շարունակվում էին Նորատուս գյուղի բնակիչ, Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 22-ամյա Կարեն Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերվել է երիտասարդի դին՝ ծնոտի մասում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը, որը տանից դուրս գալիս երիտասարդը վերցրել էր իր հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 17-ի երեկոյան, ժամանակավորապես դադարեցվեցին Կ. Կարապետյանի որոնողական աշխատանքները։

Գյուղացիները փրկարարների և Գավառի ոստիկանների հետ 2 անգամ հայտնաբերել էին որոնվող տղային, ով որսորդական հրացանով էր, սակայն 2 անգամ էլ 22-ամյա տղան դիմել էր փախուստի։
Գյուղում բոլորը անակնկալի էին եկել, թե ինչո՞ւ է երիտասարդն իրեն տարօրինակ պահում։

Գ. Շամշյանը հայտնել էր, որ մարտի 16-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարար վարչության, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի և Նորատուս գյուղի բնակիչներով ժամը 20:00-ից գյուղին հարակից անտառում և անտառի տարածքով հոսող Գավառա գետում որոնողական աշխատանքներ էին կատարում:

Նշված վայրից Գ. Շամշյանը հայտնել էր, որ մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 22-ամյա Կարեն Կարապետյանը, որսորդական հրացանով դուրս էր եկել տանից և, ըստ տեղեկությունների, գնացել էր նշված տարածք: Երբ հարազատները տեղեկություն չէին ունեցել նրա մասին, սկսել էին փրկարարների, ոստիկանների և ողջ գյուղի բնակիչների հետ որոնողական աշխատանքները:

Տեղում էին Ոստիկանության Գավառի բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, գյուղապետ Մուրադ Հարությունյանը, Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Փրկարարների հետ էին նաև Սևանի հատուկ ջրափրկարարները, ովքեր մի քանի կմ գետի մեջ որոնողական աշխատանքներ էին կատարել և շարունակում են դեռ կատարել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի տղան է և Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան է:

Փրկարարները ոստիկանների և Նորատուսի գյուղացիների հետ բաժանվել են 5-6 խմբի և մոտ 40 հեկտար տարածք խումբ-խումբ «սանրել» էին:

Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետի ահազանգով ժամանել էին նաև Արտակարագ իրավիճակների նախարարության կինոլոգները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more