▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է հանցագործ խմբավորում. նախապատրաստվում էր դիպուկահարի միջոցով սպանել հայտնի գործարարին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանություն են բերման ենթարկել Դ. Զ-ին, Վ. Ք.-ին, Ա. Ս.-ին, Կ. Դ.-ին, Ս. Վ.-ին, Վ, Դ.-ին, Ա. Դ.-ին և Վ. Թ.-ին:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց մի մասը բնակվում է Երևանում, մի մասը՝ մարզերում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության նշված ստորաբաժանումները 1 տարուց ավելի հսկայական աշխատանքներ են կատարել, մինչև որ բացահայտել են այս խմբին, ովքեր պլանավորել և նախապատրաստվել էին սպանել Հայաստանում հայտնի գործարարներից Ռ. Մ.-ին, ով ավելի շատ լինում է արտերկրում, այդ թվում՝ Իսպանիայում և Հայաստանում նա իր բիզնեսը ղեկավարում է դրսից:

Նշված խմբին բացահայտելու համար ոստիկանությունում ստեղծվել են մի քանի օպերատիվ-հետախուզական խմբեր, քանի որ հանցագործ խմբի անդամները, այսպես ասած, ճյուղավորված են եղել Երևանից դեպի մարզեր:

Ոստիկանության խմբերը ղեկավարել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, նույն վարչության 2-րդ վարչության 1–ին բաժնի պետ Արայիկ Մգոյանը և շաբաթը 2 օր կատարված աշխատանքների արդյունքները իմի բերելու նպատակով խմբի բոլոր անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի մոտ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անձիք սպանությունը պետք է կատարեին դիպուկահարի (սնայպեր) միջոցով: Ոստիկանության նշված խմբերում ներգրավված եմ եղել նաև ոստիկանության քրեական վարչության հետախուզության արագ հակազդման բաժնի օպերները:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից փոխանցվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 35 (հանցագործության նախապատրաստությունը, հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև՝ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով) և 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հանցագործությունը լիովին բացահայտելու համար ստեղծվել է քննչական խումբ և այն ղեկավարում է ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության պետ Վահագն Հարությունյանը:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում:

Նշված անձիք ձերբակալված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more