▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է` ինչ են քննարկելու Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում հանդիպման ժամանակ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպեն եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին ինչպես գրում է armeniasputnik.am-ը, հայտնում է «Սաբահ» թերթը` վկայակոչելով իր աղբյուրները։

Թուրք ղեկավարը հոկտեմբերի 1-ի իր ելույթում հայտարարել էր նման հանդիպման հնարավորության մասին։

«Սաբահը» նշում է, որ բանակցություններում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մասնավորապես Էրդողանը պատրաստվում է Փաշինյանին առաջարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։

Բացի դրանից, Թուրքիայի նախագահը հանդես կգա տարածաշրջանում լարվածության թուլացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրման առաջարկներով։

Նշենք, որ հայկական կողմը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս հանդիպման մասին լուրը։

Չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին, դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրել են դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չէին վավերացրել։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել է արձանագրությունների չեղարկման մասին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more