Այս կնոջ պատմությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչի են ընդունակ մեր հարուստները հանուն փողի: Այո, հենց մեր հարուստները, որովհետև հարստությունը Հայաստանում շատ անգամ դրսևորում է ցինիզմի նախանշաններ: Ոչ մի երկրում այսպիսի աղաղակող անօրինակություններ տեղի չեն ունենում, երբ հարուստները ընկնում են խեղճ մարդկանց հետևից:
Ավանի հոգեբուժարան տեղափոխված Կոմիտասի 56 շենքի բնակիչ, 78-ամյա Ամալյա Նազարեթյանն արդեն տանն է, իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ էլ չունի: Ահա, թե ինչ է պատմել նա լրագրողներից մեկին, երբ վերջինս այցելել է նրա բնակարան և կատարվածի մասին զրուցել կնոջ հետ' «Հարցրի' ո՞վ է, ասաց' Արարատն է, բաց արի, հետևից տեսնեմ 4-5 տղամարդ են գալիս, մեկը ասաց, որ ես բժիշկ եմ, երկուսի վրա էլ կարմիր խաչի նշան կար, մեկ էլ երկու ոստիկան կար: Այդ մարդը նայեց, ասաց' հիվանդ չէ, ոչ մի հիվանդություն չունի, լրիվ առողջ մարդ է, բայց ասաց բան է պետք ստորագրել, արի գնանք, մի ժամից տանը կլինեք: Ես էլ չմտածեցի, տարան բուժհիմնարկություն, ասացին' ինչի վրա ես բողոքում, ես էլ ասի, որ դուք ասել եք, որ միլիցիա պետք է գա, ինձ էլ հասնում է իրավաբան, թող գա, հասնի, խոսենք: Մեկ էլ ասաց' բարձրացրեք 4-րդ հարկ, ճնշումը չափեն, բարձրացա, ընկա թակարդը, դուռը փակվեց, ոչ դուրս են մարդ թողնում, ոչ ներս: Անընդհատ ասում էին, թե դատավորը կգա, կգա, եկավ, կանչեցին, դուրս եկա, տեսա մի կին նստած է, ագրեսիվ ձևով խոսում է, ու երկու օր անց վճիռ տվեցին, թե ես ագրեսիվ եմ, վտանգավոր ժողովրդի համար, դրա համար պիտի մնամ բուժհիմնարկությունում»:
Իրեն խաբեությամբ հոգեբուժարան տեղափոխելու մեջ կինը մեղադրում է ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբորը' Անդրանիկին և «Իդեալ» խանութի աշխատակից Գագիկին: Ամալյա Նազարեթյանի խոսքով' իր հակասությունը Արմեն Մխիթարյանի եղբոր' Անդրանիկի հետ է, քանի որ վերջինս է զբաղվում այս տարածքով:
Հարգելի ընթերցող, ստորև Ձեզ եմ ներկայացնում մի տեսանյութ, որտեղ խեղճ կինը բացատրում է, թե իր հետ ինչ է կատարվել: Դիտելով այս տեսանյութը' մենք կարող ենք եզրակացնել, որ վտանգված է ոչ միայն այս կինը, այլև ամբողջ հասարակությունը, քանզի ոչ մեկս ապահովագրված չէ նման ճակատագիր ունենալուց:
Այո, մենք վտանգված ենք, քանի որ ամբողջովին առողջ մարդուն ինչ-որ մեկի ճանապարհը անցնելու համար կարող են «գցել» հոգեբուժարան' առանց երկբայելու: Սա զավեշտ է, և այս իրողությունը չընդունելու բարոյական իրավունք մենք պարզապես չունենք:
Հ.Գ. Հիշեք' մենք բոլորս էլ սովորական մահկանացուներ ենք և այսպիսի ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում, որը մեր երկրում է, բացառված չէ, որ նույն մղձավանջի մեջ մի օր էլ մենք հայտնվենք:
Կարեն Թումանյան
Աղբյուրը` Hartak.am