▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է՝

«Եվ այսպես, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Թրամփը, ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է Իրանին ցեղասպանությամբ՝ «ամբողջ քաղաքակրթության» բնաջնջմամբ։ Նա խոստացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։

Հասկանալի է, որ բոլորը ոչնչացնել չի կարող, քանի որ էլեկտրակայանների թիվը հասնում է մոտ 400-ի, իսկ կամուրջների թիվը շատ-շատ է. այն իրականում անհնար է հաշվարկել՝ Իրանը լեռնային երկիր է։ Սակայն խոշոր էլեկտրակայաններն ու կարևոր կամուրջները շարքից հանել կարող է։ Իհարկե, դրան կհետևի Իրանի չափազանց ուժգին պատասխանը՝ ուղղված Իսրայելին և հատկապես Պարսից ծոցի արաբական միապետություններին։ Դրանից հետո պատերազմը կմտնի բոլորովին նոր փուլ՝ կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով, որոնց կանդրադառնամ վաղը։ (Նշեմ միայն, որ, ինչպես միշտ ՀՀ «ղեկավարությունը» զբաղված է ինչով ասես՝ բացի երկիրը մոտակա հնարավոր ճգնաժամային իրավիճակներին նախապատրաստելու հարցերից։)

Իսկ այժմ ուզում եմ մի քանի խոսք ասել Թրամփի վերջնագրին Իրանի տված պատասխանի մասին։ Ըստ Wall Street Journal-ի՝ Իրանը մերժել է վերջնագիրը և միջնորդների միջոցով հայտնել, որ իր տրամադրության տակ ունի մոտ 15,000 հրթիռ և շուրջ 45,000 անօդաչու սարք, որոնցով դեռ կարող է շատ մեծ վնասներ հասցնել իր թշնամիներին։

Այս պատասխանը կարդալիս անմիջապես հիշեցի 1720-ական թվականներին Արցախում կենտրոնացած նորաստեղծ հայոց զորքի հրամանատարության պատասխանը օսմանյան բանակի գլխավոր զորահրամանատար Սարի-Մուսթաֆա փաշային։ 1725 թ. վերջինս սուրհանդակ էր ուղարկել «Սղնախի հայերին»՝ պահանջելով նրանցից հինգ տարվա հարկն ու տուրքը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել էր զորքով ներխուժել Ղարաբաղ և ավերել երկիրը։ Ըստ ռուսերեն գրված մի արխիվային փաստաթղթի՝

«Սղնախի հայերը պատասխանել են նրան, թե՝ “մենք փող չունենք, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի մեկ հրացան ու մեկ սուր։ Եվ եթե իսկապես մեր դեմ արշավես, ապա Աստծո օգնությամբ ձեր դեմ կկռվենք։ Իսկ ձեզանից չենք վախենում, որովհետև մեր մարտիկների թիվը մեծ է՝ քառասուն հազար մարդ”»։

Փաստորեն, ինչպես և նախորդ գրառմանս մեջ էի նկատել, հայ և իրանցի ռազմիկներն ունեն բավականին նույնանման արխետիպային մտածողություն՝ արժանապատվություն, դիմադրություն, ինքնազոհաբերություն՝ հանուն հայրենիքի։ Եվ այդ ամենն պարզորեն արտահայտվում է նաև լեզվամտածողության ու տրամաբանության միակերպության մեջ։

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը։ Հուսանք նաև, որ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն հենց բուն Միացյալ Նահանգներում։

Աստվածն առաջ։

Հ.գ. Ահա նաև վերը հիշատակված ռուսերեն վավերագրից համապատասխան բնագրային հատվածը.

«Из Гянджи турецкой паша писал к сагнацким армянам, чтоб они прислали к нему дани за пять лет и подать: “ежели де у вас дань готова, то пришлите, а ежели не готовы, то изготовьте за все годы, чтоб были готовы. А ежели дань не пришлете, то де мы придем и насильно у вас возьмем”. Сагнацкие армяня ответствовали ему, что “у нас де денег нет, только есть у всякого по одному ружью и по одной сабле, и ежели хотя придешь к нам, то мы с Божьей помощью против вас стоять будем; и вас не боимся, понеже де у нас людей многое число – сорок тысячи”».

(АВПР, фонд Сношения России с Персией, 1726 г., опись 1, док. 4, л. 213а)։

Առավել մանրամասն այս հաղորդումը քննել եմ իմ հետևյալ գրքում՝ «Հայոց զորքն Արցախում 1722-1735 թվականներին. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը» (Երևան, 2025, էջ 47-48)»։

***

Հռոմի պապ Լևոն XIV-ը անընդունելի է համարել ԱՄՆ վերջնագրով իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքները։
«Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», - ասել է նա լրագրողների հետ զրույցում Հռոմի մոտ գտնվող Կաստել Գանդոլֆո քաղաքում գտնվող իր նստավայրի դիմաց։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը սպառնացել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր՝ այլևս երբեք չվերածնվելու համար»՝ նկատի ունենալով Իրանին հասցվելիք հարվածների մահաբերությունը։

Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։

Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրույթում»:

***

Իրանը խզել է ԱՄՆ-ի հետ ուղիղ կապը՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «իրանական քաղաքակրթությունը ոչնչացնելու» սպառնալիքների պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Իրանի որոշման մասին գրում է նաև «Նյու Յորք Թայմս»-ը։

Թերթի տվյալներով՝ Թեհրանը Պակիստանին տեղեկացրել է, որ այլևս չի մասնակցի Վաշինգտոնի հետ հրադադարի բանակցություններին։ Միաժամանակ, միջնորդների հետ բանակցությունները, ըստ WSJ-ի, շարունակվում են: Իրանում Reuters-ի աղբյուրը նաև հայտնել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել Պակիստանի միջոցով։

***

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը սպասվում է, որ մոտ ժամանակում կկնքվի. հայտնում է CNN-ի աղբյուրը

Աղբյուրի խոսքով՝ երկու կողմերից էլ «լավ լուրեր» են սպասվում։ Պակիստանի բանակի հրամանատարը նույնպես մասնակցում է բանակցություններին։

Միևնույն ժամանակ, արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Արաքում գտնվող Իրանի ալյումինե հալման գործարանին և Մահշահրում գտնվող Ֆաջր նավթաքիմիական համալիրին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more