▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարության վճիռները

Բաքվի դատարանում հրապարակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող շինծու դատավարության շրջանակներում դատավճիռները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

***

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ու Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

***

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամաբ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

***

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները շարունակում են խաղաղության դափնեպսակներ ստանալ Աբու-դաբիներում աzերի եղբայրների հետ, Իլհամին շնորհակալություն հայտնել, խաղաղության կանոնադրություններ ստորագրել, բայց իրական պատկերն այն է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին «ադրբեջանական արդարադատությունը» դատապարտեց ցմահ ազատազրկման։
Հ.Գ. Անկախ իմ կամ մնացածի անձնական վերաբերմունքից, ինձ համար ամոթ է, որ հայը դատապարտվում է թուրքի կողմից, ՄԻՊ-ի Մադմուազել Մանասյանի ականջը կանչի, «թուրք» եզրն այստեղ որպես վիրավորանք չեմ գործածում, այլ իրերն անվանում եմ իրենց անուններով»։

***

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, անդրադառնալով Բաքվում պահվող ռազմագերիներին, նշել է․ «Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը տևական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին՝ խոշտանգելով, իրենց իրավունքները խախատելով և պատանդի կարգավիճակով պահելով բանտում»։

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանական «դատավճիռները» գարշելի խայտառակություն են, բայց ընդհանրապես անակնկալ չեն:
Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմից ուրիշ բան էլ սպասելի չէր Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայատյացության քաղաքականության, խոշտանգումների, շինծու դատավարությունների ու բազմաթիվ այլ հանցագործությունների պայմաններում:
Շինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք: Եվ այդտեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը»:

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները»։
Դա ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են։ Այն իրավական որևէ հիմք չունի և բացահայտ ծառայում է բացառապես քաղաքական շահարկման նպատակի՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ։
Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն և հստակ դիրքորոշում հայտնեն։
Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն և երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն։ Սակայն սա կարող է և վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։
Մինչև վերջին մարդն ադրբեջանական գերությունից չվերադառնա Հայաստան, այս հարցը լինելու է իմ քաղաքական ու անձնական օրակարգում»։

***

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենասարսափելին այն չէ, որ վատագույն երազում անգամ չէինք պատկերացնի նման ստորացուցիչ տեսարան և օրվա լրահոս՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Սարսափելին այն էլ չէ, որ այս ողբերգությունը ուղիղ կերպով մաս է կազմում «խաղաղության» օրակարգին ու իրագործվում է Արցախի դահճի ու նրա հայաստանյան գործիքակազմի փոխհամաձայնությամբ։
Սարսափելին այն է, որ «խաղաղության» այս գործընթացը ծայրից ծայր բաղկացած է հար և նման ողբերգություններից՝
- «Զանգեզուրի միջանցք» ու ՀՀ-ի ուկրաինացում,
- ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի (իմա՝ հանրապետության) վերացում և Ալիևի Սահմանադրության ընդունում,
- «անկլավների» հանձնում, Արարատի, Տավուշի և Լոռու մարզերը Ադրբեջանի Յաշմա ու Կոմանդո հատուկ ջոկատների պլացդարմի վերածում, դեպի Վրաստան և Իրան միջպետական ճանապարհների հանձնում թշնամուն,
- ադրբեջանցիների լայն թափով վերադարձ և ՀՀ-ի ադրբեջանիզացիա՝ ՀՀ ազգաբնակչության գույքի, անվտանգության ու արժանապատվության հաշվին,
- միլիարդավոր դոլարների ռեպարացիաների պահանջ՝ ընդուպ մինչև ՀՀ-ի վասալացում․ հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյատևեն ոչ թե Ադրբեջանի կողքին, այլ Ադրբեջանի համար։
Շարքը շարունակելի է։
Հ․գ․ Սա «խաղաղության» գործընթացի՝ անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է։ Դրանք որոշ մասով արդեն իսկ սկսվել են իրագործվել, իսկ որոշների կիրարկումը լայն թափով սկսվելու է ընդամենը 3-4 ամիս հետո՝ ցեղասպան Թուրքիայի հատուկ ծառայությունների և հետախուզության առանցքային դեմքերից՝ Հաքան Ֆիդանի անմիջական աջակցությամբ խամաճիկների վերարտադրությունից անմիջապես հետո»։

***

Բաքվի դատարանում  շարունակել են հրապարակել հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության շրջանակներում դատավճիռները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը 19 տարվա, իսկ Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարվա ազատազրկման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more