▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իջևանատերն իջևանեց կալանավայրում. «Ժողովուրդ»

4 ամիս առաջ մահափորձի ենթարկված Անդրանիկ Խոջումյանն օրերս ինքն է հայտնվել կալանավորի կարգավիճակում: 

 

Իջեւանի «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի նկատմամբ մահափորձին «Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է: Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին, հենց հյուրանոցի մոտ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն. «Ապրիլի 1-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջեւան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ եւ մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների եւ դեռեւս չպարզված ուղեւորների հետ միասին, դիմել է փախուստի»: Ապրիլի 4-ին ոստիկանները ձերբակալել էին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Աշոտ Աիդինյանին: Բայց քրեական գործը չորս ամիս քննելուց հետո ՀՔԾ-ն կալանավորել է նաեւ Անդրանիկ Խոջումյանին: Ըստ ՀՔԾ հաղորդման` «Քրեական գործի հետագա քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Աշոտ Աիդինյանին վերագրվող հանցագործություններից բացի, բացահայտվել է նաեւ մեկ այլ անձի` Անդրանիկ Խոջումյանի կողմից կատարված հանցագործություն, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ  Անդրանիկ Խ.-ն կալանավորված է»: Թե կոնկրետ ի՞նչ արարքի մասին է խոսքը, ի՞նչ  մեղադրանք է նրան ներկայացվել, ՀՔԾ-ն չի մանրամասնում, ինչն առնվազն տարօրինակ է:

Մինչ այդ, նկատենք՝ Խոջումյանի նկատմամբ մահափորձերը կարծես պարբերական բնույթ են կրում. դեռ 3-4 տարի առաջ նրա նկատմամբ եւս մեկ մահափորձ  էր եղել. անհայտ անձը կրակել էր Խոջումյանի վրա: Սակայն գործն այն ժամանակ չէր բացահայտվել: Որոշ ժամանակ անց այդ միջադեպի մասին մոռացել էր:

Խոջումյանը պարբերաբար այլ աղմկալի պատմությունների մեջ է հայտնվում: Նրա հարաբերությունները լարված են Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղուլարյանի հետ. «Սպիտակ լիճ» ջրամբարի հետ կապված Խոջումյանի ու Ղուլարյանի միջեւ լուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել: Ու գործը հասել էր դատարան: Բանն այն էր, որ ավագանու` 2011թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը «Սպիտակ լիճ» տարածքը 40 տարով անհատույց օգտագործման վարձակալության պայմանագիր էր կնքել «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ տնօրեն Արծրուն Խոջումյանի` Անդրանիկ Խոջումյանի որդու հետ: Սակայն Վարուժան Ներսիսյանի` 2011թ. ՏԻՄ ընտրություններում պարտության հետեւանքով քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո գործարարի ու նոր քաղաքապետի մեջ լարվածություն էր սկսվել: Նոր քաղաքապետն ամեն գնով ցանկացել էր տարածքը խլել Խոջումյաններից: Երկարատեւ դատական քաշքշուկից հետո քաղաքապետը հաղթել էր, եւ «Սպիտակ լիճ» ջրամբարը վերցրել էին Խոջումյանների ձեռքից:

 

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more