Փաստորեն «նոր» հաշվարկ չկա։ Փաստացի և միակ հաշվարկը ներկայացվել է հանրությանը հանձնաժողովի կողմից և քննարկվում է միայն այդ հաշվարկը։ Սա անհրաժե՛շտ է արձանագրել։ Այսինքն այն, ինչ ասվում և ասվելու է, ընդամենը հաշվարկի վերլուծություն է։ Դա, իհարկե, ճիշտ ընտրված ռազմավարություն և շահեկան կարգավիճակ է կոնկրետ անձի համար, բայց որքանո՞վ է շահեկան այն սպառողների համար, որոնց իրազեկման և շահերի պաշտպանի նպատակն է հետապնդում պարոն Պիպոյանը։ Արձանագրենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը միակն է, ով ներկայացված հաշվարկի մասին ինչ-որ բան, այնուամենայնիվ, փորձում է ասել հանրությանը։ Սակայն ինչ-որ բան ասելը, առավել ևս մասնագիտական հաշվարկ վերլուծելը, նույնպես պետք է ձևավորվի որոշակի սկզբունքների վրա։ Եթե ի սկզբանե խնդիրը դրվում է ապացուցել անապացուցելին, դա նույնպես սկզբունք է, բայց ձախողված։ Ժամանակները փոխվում են և մենք պետք է պատրաստ լինենք տեսնել բարձր օղակի ժամանակակից կառավարիչներին ավելի մոտ և հանրությանը հասանելի, պետք է պատրաստ լինենք լսել և ընկալել նրանց արագ արձագանքներն ու հաղորդակցման նոր ոճը։ Սակայն ամեն ինչ գեղեցիկ է բանավեճի այդ ձևն ընտրած չափի և էթիկայի տարրական զգացողության սահմաններում։ Պարոն Պիպոյանին, ըստ երևույթին, հաճելիորեն զարմացրեց, որ իրեն արձագանքում է հանձնաժողովի նախագահը, Երևանի քաղաքապետի տեղակալը, այնքան զարմացրեց, որ նա այնուհանդերձ գայթակղվեց որոշակի կոռեկտության սամանն անցնելու ցանկությամբ։ Սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իմ առաջարկած բանավեճի լավագույն ձևաչափը հանձնաժողովի հարթակն է։ Սակայն եթե այն նախապայմանների կատարման ոգու և տրամաբանության մեջ է, ապա առաջարկում եմ բանավեճ հավասար կարգավիճակում և պայմաններում։ Ես ևս հանձնաժողովի անդամ եմ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու եմ և իմ պատկերացումներն ունեմ խնդրի վերաբերյալ։ Դուրս գանք անձնական համակարանքի կամ հակակրանքի դաշտից։ Խոսենք պարզ լեզվով։ Պարոն Պիպոյանի մասնակցությունը երկու նիստերին ցույց տվեց նրա շահագրգռությունը խնդրի կարգավորման ուղղությամբ։ Սակայն պարզ է նաև, որ անկախ ամեն ինչից, նա ունի սահմանափակում և ինքն իր համար նեղացրել է մանևրելու դաշտը։ Իմ պատկերացմամբ սպառողը իրազեկ և պաշտպանված կարող է լինել միայն հնարավորին ազնիվ ու մատչելի տեղեկատվություն ստանալու դեպքում։ Այսինքն, պարզ ճշմարտությունները պետք է ասվեն հնարավորին պարզ լեզվով։ Ի վերջո բնակիչը պե՛տք է իրազեկվի, թե ի՞նչ ասել է անվտանգ և հնարավորին որակյալ տրանսպորտ, ի՞նչ արժե այդ անվտանգության և որակի ապահովումն ու անվտանգության և որակի ի՞նչ աստիճան է պատկերացնում բնակիչը։ Սրանք են իրազեկման հիմնական բաղադրիչ տարրերը։ Ու հենց սրանց հնարավորին մատչելի և ազնիվ իրազեկումն է անհրաժեշտ հասարակությանը։ Կարծես ամեն ինչ գնում էր այդ հունով, սակայն օբյեկտիվ իրականության պայմաններում մի պահ պարոն Պիպոյանին թվաց, որ պատասխանատվության խնդիր կարող է առաջանալ, իսկ դա արդեն այլ իրականություն է։ Ի վերջո ես ներկա եմ եղել երկու նիստերին էլ, տեսել եմ, թե ինչպես է քվեարկել պարոն Պիպոյանը և որ դեպքերում է հարց բարձրացրել։ Չափորոշիչների ընդունումից և հիմնական բաղադրիչների (բացառությամբ ուղևորահոսքի) հաշվարկը ներկայացնելուց հետո սակայն, պարոն Պիպոյանը փոխեց մարտավարությունը։ Նախ նա բոլորին տեղեկացրեց, որ փաստաթուղթը լավ և հանգամանալից է պատրաստված, հետո մատնանշեց, որ առանց հասարակության ակտիվության շատ դժվար կլինի ապացուցել անապացուցելին, իսկ հետո արդեն, պատրվակներ փնտրելով, առաջ քաշեց ինչ-որ պայմաններ ու հարցադրումներ, որոնց բավարարման դեպքում միայն հանձնաժողովի աշխատանքներին իր հետագա մասնակցության մասին կարող էր խոսք գնալ։ Արդյո՞ք սա վերջնագիր չի հեշեցնում։ Ակամայից հիշեցի ոչ անհայտ Մյունհաուզենի Անգլիային հայտարարծ պատերազմը։ Ես՝ որպես հանձնաժողովի անդամ և երևանցի, որպես մարդ, ով երթևեկում է քաղաքային տրանսպորտի բոլոր միջոցներով և ներսից է ծանոթ խնդրին, մեկ անգամ ևս առաջարկում եմ պարոն Պիպոյանին իր փաստարկներով գործնական օժանդակություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքներին՝ առանց նախապայմանների և վերջնագրերի։ Ի վերջո, ընդհանուր գործ է և շահը միայն մեկն է. հնարավորին ապահով, անվտանգ ու որակյալ դարձնել քաղաքային ուղևորափոխադրուները։ Իսկ որ ամեն որակյալ և ապահով ծառայություն պետք է ունենա իրական և ընկալելի արժեք, որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի։ Պարոն Պիպոյանի բերած հիմնական փաստարկներն, ըստ էության, արտաքին էֆեկտի ակնկալիքով են արվում։ Նա շատ լա՛վ գիտի օրենսդրական դաշտը և գիտի, թե օրենսդրորեն ո՞վ իրավունք ունի ներկայացնել փոխադրավարձի հաշվարկները, ո՞վ է ընդունում և հաստատում այն, գիտի նաև, թե ժամանակավոր հանձնաժողովները ի՞նչ գործառույթներ կարող են ունենալ և ի՞նչն է նրանց իրավասությունից դուրս: Բացի այդ նա նաև գիտի, թե ի՞նչ ասել է տնտեսական դաշտում ձևավորված ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներ, ինչպե՞ս են դրանք ազդում տնտեսության և ոլորտների վրա, գիտի նաև ի՞նչ ասել է մրցույթ և գնումների դաշտ, ուղևորահոսքի հաշվարկ, ստվերային աշխատավարձ և այլն։ Վստահ եմ, որ այս ամենը պարոն Պիպոյանը գիտի և դա շատ լավ է, ուղղակի ցանկանում եմ, որ իր ունեցած ամբողջ գիտելիքներն ի սպաս դնի ոչ թե հակադրման, այլ որոշակի համադրման սկզբունքի կիրառման վրա։ Իմ ցանկությունն անկեղծ է, առաջարկս էլ՝ գործնական։ Նախապայմանների և վերջնագրի լեզուն մասնագիտական քննարկումների դաշտում որևէ դրական օժանդակ գործոն չի կարող լինել։ Պետք է ելնել այդ սկզբունքից և առաջնորդվել մասնագիտական խղճի թելադրանքով։
Համազասպ Գալստյան
Տնտեսագիտության թեկնածու,
Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի անդամ