▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ են մտածում հարևանները երգչուհի Զուսի մասին

Արաբկիր համայնքի սովորական հինգհարկանիներից մեկում բնակարան է վարձակալել մեր շոու-բիզնեսի «էկզոտիկ» երգչուհի Ջուսը`իր մայրիկի հետ ու  հարևանություն են անում շենքի հնաբնակների հետ:

esyes.am-ն է գրում այս մասին, որի թղթակիցը Զուսի մասին զրուցել է նրա հարևանների հետ:

Ջուսի հարևաններից մեկի` տիկին Ալիսայի հետ երկար բանակցություններից հետո ստացվել է երգչուհուց «բամբասելը», իսկ Ջուսենց երրորդ հարկի հարևանն էլ դժվարությամբ է նրան տեղը բերել:

Տիկին Ալիսան, ով ֆրանսերենի մասնագետ է և տնտեսագետ, խոստովանել է, որ սկզբում չեն իմացել Ջուսի ով լինելը, երբ հանկարծ մի օր հեռուստատեսությամբ տեսել են նրա հաղորդումն ու հասկացել` վա՜յ, մեր նոր հարևանը հայտնի մարդ է: Ու այսօր էլ տիկին Ալիսան միակ հարևանն է, ում հետ, ըստ նրա, մոտ են երգչուհին ու մայրը:

«Նախորդ տնվորը շատ էր աղմկում, անընդհատ ջուր էր բաց թողնում, գիշերը լվացք անում, իսկ ինչ իրենք եկել են (խոսքը Ջուսի ու նրա մայրիկի մասին է)` վերացել են նման բաները, շատ կուլտուրական մարդիկ են, էս շենքի համար ոնց որ չլինեն: Այստեղ մի քիչ մակարդակն ուրիշ է. ի վերջո, սովետի շենք է»,- ուրախությամբ ու անգամ կատակելով` մեկնաբանել է տիկին Ալիսան, ում խոսքով` քանի որ շենքի միակ հայտնին Ջուսն է, երեխաները խմբով գարնանային ծաղիկներ` կակաչ ու նարգիզ են նվիրում Ջուսին: Երբ աստիճանահարթակների դղրդոցը խախտում է մուտքի անդորրը, բոլորն արդեն գիտեն, որ Ջուսին թարմ ծաղիկներ են նվեր բերել:

«Ուշ ժամերի է խեղճը տուն գալիս. կոշիկների կտկտոցից եմ հասկանում, որ եկավ: Համ էլ շատ համարձակ աղջիկ է, մեր մուտքի ոչ մի հարկում լույս չկա ու նա առանց վախենալու միայնակ բարձրանում է վերև: Երբեք երաժշտությունը բարձր չի միացնում, որ խանգարի: Հաճախ նաև ձայնային վարժություններ է անում, բայց կրկին չի խանգարում հարևաններին, դեռ բողոքներ չենք լսել»,- վստահեցրել է Ալիսա տոտան ու հավելել, որ տիկին Մարինան` Ջուսի մայրը, շատ մաքրասեր կին է, մշտապես հետևում է վարձակալած բնակարանի մաքրությանը:

Պարզվում է` Ջուսն իսկապես գոռոզ չէ` ինչպես զգացել ես իր եթերներից: Ալիսա տոտան պատմել է, որ երգչուհին միշտ բարևում է հարևաններին, սիրալիր պատասխանում նրանց հարցերին, երբ, իհարկե, հանդիպում է նրանց: «Ամբողջ օրն աշխատում է, հաճախ գիշերը երկուսին նոր տուն է գալիս` չնայած լավ է վաստակում, բայց իր ուժերի հաշվին: Խեղճը ժամանա՞կ է ունենում, որ մի հատ էլ նստի մեզ հետ սուրճ խմի… հազարից մեկ, ժամանակ չունի»,- անկեղծ նկատել է տիկին Ալիսան և ուրախ ավելացրել, որ շատ է հավանում Ջուսի ձայնային տվյալները, երգերն ու համարձակ կերպարը, ինչը շենքի բնակիչների համար մի քիչ անսովոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more