▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ հանգուցալուծում ունեցավ հայաստանյան քրեական «ռազբորկան». «Ժողովուրդ»

Քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք սպառնում էին վերածվել արյունահեղության, մոտեցան վերջնարդյունքին. կարելի է ասել՝ քրեական «ռազբորկայի» առաջին փուլն ավարտված է:

 

Անդրադարձ

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ հրապարակումներում անդրադարձել էր քրեական անցուդարձին՝ ներկայացնելով պատճառները, թե ինչու էր քրեական կյանքը փոթորկվել: Հիշեցնենք՝ այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին: Պատճառն այն էր, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գեւորիկին, եւ նրանց խոսակցությունը չէր ստացվել: Օշականցին հայհոյել էր իր հետ խոսողին, ով էլ նույն հայհոյանքով հակադարձել էր: Դրանից հետո Գեւորիկը գնացել էր Երրորդմասցի Լյովիկի մոտ, ասել՝ տվեք պատժեմ ինձ հայհոյողին, Լյովիկն էլ ընդդիմացել էր, թե չի կարող: Ու քանի որ նրանց խոսակցությունն էլ չէր ստացվել, Գեւորիկը ապտակել էր Լյովիկին, վերջինս էլ Տույի հետ ծեծել էր «օրենքով գող» Գեւորիկին ու նրան ուղեկցող շքախմբին: Քանի որ քրեական աշխարհում ընդունված չէ առանց լրջագույն պատճառի «օրենքով գող» ծեծել, ուստի այս ծեծը դարձավ բացառիկ եւ սկսվեց «ռազբորկա»:

 

Քաղաքականացված դեմքերով

Այս իրավիճակի հանգուցալուծումը երկու բեւեռից էր ուղղորդվում. Երեւանի քրեական հեղինակությունները, իշխանական որոշ ուժեր, Կառավարության անդամներ պայքարում էին, որ Լյովիկը պարտություն չկրի այս պատմության մեջ, իսկ «օրենքով գողերը» Գեւորիկի համար էին շահագրգռված: Նրանց հետ էին նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Մհեր Սեդրակյանը: Ու, բնականաբար, այս իրադարձությունները չէին կարող քաղաքական հետագիծ չունենալ: Դրա համար էլ պատմությունը դարձավ քաղաքական մեծ հնչեղություն ունեցող մի արար, որը հանգուցալուծվեց նաեւ քաղաքական որոշման արդյունքում:

 

Քաղաքը մաքրվեց

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պատմության հանգուցալուծման հարցը քննարկվել է ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի նստավայրում եւ Սերժ Սարգսյանը հրահանգել է ոստիկանությանն՝ այնպես անել, որ քաղաքում արյունահեղություն չլինի: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ՀՀ-ում առկա բոլոր 16 «օրենքով գողեր»-ին ժամանակ է տվել՝ լքել Հայաստանը: Հրահանգից ժամեր անց մայրաքաղաքը մաքրվել է բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողերից»: Այդ ընթացքում սկսել է գործել մաֆիան, որպեսզի հարցը լուծի խաղաղությամբ:

 

«Ստանալու» արվեստը

Ինչպես հայտնի է, «գող ծեծելու» պատմության ավարտը պետք է լինի այդ աշխարհի համար ընդունելի՝ «ստանալու» տարբերակով: Դրա եղանակներից մեկն այն է, որ Օշականցի Գեւորիկը պետք է ապտակի իրեն ծեծի ենթարկած Լյովիկին ու Տույին կամ գոնե հայհոյի, դժգոհություն հայտնի՝ իր նկատմամբ ցուցաբերված պահվածքի համար: Տարբերակներ, իհարկե, էլի կան, բայց մենք դիտարկենք միայն այս երկուսը, քանի որ վիճաբանող երկու կողմերը հենց այս երկու տարբերակներն են հրապարակ նետում:

 

Հանդիպում «Ֆորում»-ում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ 25 օր առաջ Երեւանի Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում հավաքվել են մի քանի «օրենքով գողեր»՝ Զապը, նրա եղբորորդին, Լենինականցի Սուրոն, Օշականցի Գեւորիկը եւ նրա եղբորորդին, Լյովիկը, Տույը: Հանդիպումը եղել է գիշերով, նույնիսկ շատ հեղինակություններ ու «օրենքով գողեր» տեղյակ չեն եղել այդ հանդիպումից: Ու որոշվել է, որ պետք է վերջ դրվի այս պատմությանը: Հանդիպման կայացմանը մեծապես նպաստել է մաֆիան՝ կառավարական մակարդակով:

 

Ինչ են խոսում կողմերը 

Քանի որ «օրենքով գողեր»-ը իրավունք չունեն լրագրողների հետ հրապարակային շփումներ ունենալ, հարցազրույցներ տալ, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրանց շրջապատի ներկայացուցիչների հետ ունեցած ուղիղ զրույցներից որոշ հատվածներ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչ է եղել իրականում:

 

Տարբերակ 1

Երրորդմասցի Լյովիկի կողմնակիցները պնդում են, որ Գեւորիկ-Լյովիկ փոխհարաբերությունները կարգավորվել են նշված հանդիպման շրջանակներում՝ առանց ապտակի ու հայհոյանքի: «Եթե Լյովիկն ապտակ ուտող տղա լիներ, կհանդուժեր իրեն ապտակած Գեւորկին հենց առաջին օրը, չէր ծեծի նրան: Բայց նա իր թասիբի համար ծեծել է Գեւորիկին ու չէր կարող ապտակ ուտել՝ բարիշելու համար»,- ահա մոտավորապես այսպիսի պատճառաբանությամբ են հարցը փակված համարում Լյովիկի կողմնակիցները: Ըստ նրանց՝ երբ Գեւորիկը հանդիպել է Լյովիկին, ձեռքով բարեւելու փոխարեն հարվածել է նրա ձեռքին: Նույնը նաեւ Տույի դեպքում: Այսինքն՝ Գեւորիկը Լյովիկից ու Տույից «ստացել» է ավելի մեղմ տարբերակով: Վերջում նստել, միմյանց հետ հաց են կիսել ու պատմությունն ավարտվել է:

 

Տարբերակ 2

Օշականցի Գեւորիկի կողմնակիցները, ովքեր հակված էին հարցը լուծել առավել կոնֆլիկտային տարբերակով, հակառակն են պնդում, որ իսկապես հանդիպումը եղել է «Ֆորում»-ում, ներկաները նույն մարդիկ են, պարզապես երբ Գեւորիկը տեսել է Լյովիկին ու Տույին, մի ապտակ Լյովիկին է հասցրել, երկու ապտակ՝ Տույին: Ավելին՝ նաեւ հայհոյել է նրանց, որպեսզի որպես «գող» չհեղինակազրկվի: «Գեւորիկը լուրջ տղա է, նա չէր կարող «կուլ տալ» ծեծը: Ուղղակի սուտ տեղեկություններ են տարածում, թե հարցն առանց ապտակի է լուծվել: Նման բան չկա»,-սա էլ Գեւորիկի կողմնակիցների մեկնաբանությունն է կատարվածի վերաբերյալ:

Ի դեպ, օրերս կալանավայրում «օրենքով գողերի» մերձավորները ծեծի են ենթարկել Լյովիկի ջավախքցի ընկերներից մեկին:

 

Զապը վախեցա՞վ

Իսկ ահա «օրենքով գողեր»-ի «թեւը» պնդում է, որ Զապն իրավունք չուներ ականջալուր լինել Սոչիից հնչած ինչ-որ զանգերի եւ գնար այդ հանդիպմանը: «Եթե նա գնացել է այդ հանդիպմանը, ուրեմն դավաճան է, որի հարցը դեռ առանձին քննարկման թեմա է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես ներկայացրեց քրեական հեղինակություններից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

 

Կողմերը դեռ խաղաղ են

Թե այս պատմությունն իրականում ինչ նրբերանգներ ու ավարտ է ունեցել, դժվար է ասել, քանի որ քրեական աշխարհում մութ բաներն ավելի շատ են: Բայց դատելով այն իրավիճակից, որ կողմերն առայժմ չեն շարունակում «պատերազմը», նշանակում է՝ բավարարված են՝  գոնե մասամբ:

Հեղինակ` ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more