▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Բժշկականի «մշտական» ռեկտոր Մուրադյան Արմենը․․․

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում բժշկական ոլորտը տարրական տրամաբանությանը չի ենթարկվում: Շուրջ 90 տարեկան բժիշկ եմ ճանաչում: Հազիվ է քայլում, սակայն առ այսօր որպես վիրաբույժ է աշխատում: «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի պոլիկլինիկայում բժիշկների հիմնական մասը թոշակառուներ են: Ընդ որում, բարձր տարիքի թոշակառուներ: Եվ այդպես գրեթե բոլոր բժշկական հիմնարկներում: Ավելին` անձամբ չեմ ճանաչում գեթ մեկ բժշկի, որը մի քանի հիմնարկում չի աշխատում: Փաստորեն, ընդամենը մի քանի հազար բժիշկ (հիմնականում` մեծահասակ) սպասարկում են Հայաստանի ողջ բժշկական ոլորտը: Մի կողմ դնենք լավ են սպասարկում, թե վատ: Սպասարկում են: Եվ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են Հայաստանին անհրաժեշտ նոր բժիշկներ: Տարեկան Բժշկականն ունի 600-700 շրջանավարտ: Վստահաբար` այդքան բժշկի կարիք Հայաստանը չունի (եթե, իհարկե, նորավարտ բժիշկը Բժշկականի պրոռեկտորի զավակը չէ): Ոլորտում սերնդափոխություն չկա, միջին և բարձր տարիքի բժիշկները մի քանի կենտրոններում են աշխատում: Այդ դեպքում, ինչո՞վ պետք է զբաղվի նորավարտ բժիշկը, որը 10 տարի շարունակ սովորել է Բժշկականում և երազել բժիշկ դառնալ: Բժշկականի «մշտական» ռեկտորը «միջազգային» դիպլոմից բացի ոչինչ չի առաջարկում: Նորավարտն էլ վերցնում է դիպլոմը և ուղևորվում դեպի «միջազգային» պետություններ: Բժշկականի դիպլոմը ծառայում է իբրև «արտագաղթի ուղեգիր»:
Լավ, իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Բժշկականի «մշտական» ռեկտոր Մուրադյան Արմենը: Ուղիղ կապ ունի: Մի կողմ թողնենք վերջինիս և նրա մերձավոր շրջապատի «աշխատանքային» միջնորդությունները: Ըստ էության, Մուրադյան Արմենը, որպես ոլորտի պատասխանատու, պարտավոր է ուսումնասիրել այն, մենեջմենթ իրականացնել և պարզել, թե բացի իր շրջապատի անձանց զավակներից, Հայաստանին որքա՞ն բժիշկ է անհրաժեշտ և, ըստ այդմ, Բժշկականի ընդունելությունը կազմակերպել, ելնելով իրական պահանջարկից:
Շատերը կասեն, որ Բժշկականի ընդունելությունը դա բիզնես է` ինչքան շատ մարդ ընդունվի, բուհն այդքան գումար կաշխատի: Դեմ չեմ: Թող աշխատի հնդիկների, պարսիկների և այլ օտարերկրյա քաղաքացիների վրա: Իսկ անիմաստ տեղը Բժշկական ընդունված երիտասարդը միգուցե կարող էր իր տեղը գտնել այլ ոլորտում և չսպասեր մի քանի կենտրոններում աշխատող շատ մեծահասակ թոշակառու բժիշկների կենսագործունեության դադարին` վախճանին:
Մեկ շաբաթ առաջ Բժշկականի ռեկտորը վերընտրվեց: Արդեն երրորդ անգամ: Վերջինիս թեկնածությանը դեմ արտահայտվող և քվեարկող չկար: Այնպես, ինչպես հին և բարի ԽՍՀՄ-ում, նորաձև Թուրքմենստանում և հնաոճ Հյուսիսային Կորեայում:
Մուրադյան Արմենը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է արդեն 10 տարի: Հաշվի առնելով վերջին վերընտրությունը` կզբաղեցնի ևս 5 տարի: Եվ դա դեռ վերջը չէ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա է Նոր Հայաստանը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more