
Տարեվերջին անցկացված Բաքվի 18-րդ Նորաձևության շաբաթվա ընթացքում (Baku Fashion Week 2025) բուլղարական ծագումով գերմանացի դիզայներ Պաուլինա Ցվետանովան բախվել է մի իրավիճակի, որի հետ իր ողջ կարիերայի ընթացքում երբևէ չէր հանդիպել։
Թեև նրա պատրաստած հավաքածուում առկա խաչերի, Աստվածածնի պատկերների և սրբապատկերային մոտիվների վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացվել, «խաղաղության կիմոնո» անվանումով հագուստը հեռացվել է ցուցադրությունից։
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ նշված կիմոնոյի վրա պատկերված են եղել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դրոշները։ Բեռլինաբնակ դիզայների համար այդ հագուստը Կովկաս կատարած իր ճանապարհորդության տեքստիլ հիշողությունն էր, արվեստի մի գործ, որը խորհրդանշում էր մշակութային և կրոնական երկխոսությունը։ Սակայն ադրբեջանցի կազմակերպիչները այդ տարրը բացահայտորեն գնահատել են որպես քաղաքական ռիսկ։
«Այս հագուստը ընկալվեց գրեթե այնպես, կարծես այն պայթուցիկ նյութ լիներ», – գերմանական լրատվական պորտալին տված հարցազրույցում նշել է Պաուլինա Ցվետանովան։
***


