▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահ համակարգում խաղաքարտերը խառնվելու են. «Ժողովուրդ»

Չնայած Հայաստանի իշխող էլիտայում մինչ օրս արմատացած տպավորություն կար, որ Հայաստանի Հանրապետության միասնական քննչական կոմիտեն չի ձեւավորվելու, այնուամենայնիվ, այդ տպավորությունները կարծես  թե օր օրի ի չիք են դառնում: Հատուկ Աղվան Հովսեփյանի համար «կարված» այդ կառույցը միս ու արյուն է ստանում:

 

Եվ այսպես, երբ 2013թ. սեպտեմբերի 13-ին Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց ՀՀ գլխավոր դատախազի աթոռին եւ համբուրելով դատախազության դուռը ծափողջույններով հեռացավ, գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ նա կգնա թոշակի: Բանն այն է, որ նա եղել է Հայաստանի  ամենաերկարակյաց  դատախազներից մեկը եւ կարծես թե վերջին շրջանում Սերժ Սարգսյանը  նրա գործունեությունից դժգոհ էր:

Սակայն, ինչպես նկատում ենք, իրադարձություններն ավելի արագ զարգացան եւ Աղվան Հովսեփյանը կարողացավ իր հնարավորություններն ու տեղեկացվածության բարձր մակարդակը ճիշտ օգտագործելով հասնել այն արդյունքին, որ հատուկ իր համար Հայաստանում ստեղծվեց Միասնական քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի  է, իր մեջ ներառելու  է ՀՀ ոստիկանության եւ Պաշտպանության նախարարության քննչական մարմիններին, իսկ ահա Պետական եկամուտների կոմիտեն եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարները  կարողացան Սերժ Սարգսյանի մոտ այնպիսի լոբբինգ իրականացնել, որի արդյունքում էլ դուրս մնացին միասնական քննչական կոմիտեի կազմի մեջ մտնելու հեռանկարից:

Ու երբ քննչական կոմիտեի նախնական գծագիրը փոխվեց եւ այդ մարմնի լիազորությունները փոքր դարձան, հատկապես իրավապահների շրջանում արմատավորվեց կարծիք, որ միասնական քննչական կոմիտեն այդպես էլ չի ձեւավորվելու եւ Աղվան Հովսեփյանը հաստատ կգնա իր վաստակած թոշակին: Սակայն միասնական քննչական կոմիտեն արդեն ձեւավորված է:

«Ժողովուրդ»-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ բավականին մեծ անհանգստություն կա Աղվան Հովսեփյանի վերադարձով: Բանն այն է, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կարճ ժամանակում հասցրեց կադրային «ջարդ» իրականացնել ՀՀ գլխավոր դատախազությունում եւ Աղվան Հովսեփյանի մերձավորները մեկը մյուսի հետեւից դիմումներ գրեցին, դուրս եկան դատախազության համակարգից: Շատ ոլորտներում էլ պաշտոնյաները շտապեցին «մաքրել» Աղվան Հովսեփյանի հետքերը՝ «տրվելով» նոր գլխավոր դատախազին: Ու մեկ էլ հանկարծ՝ Աղվան Հովսեփյանը նորից վերադառնում է եւ բավականին մեծ լիազորություններով՝ պատրաստվելով իրականացնել երկրում տեղի ունեցող գրեթե բոլոր քրեական հանցագործությունների քննությունը:

Հասկանալի է, որ քննչական մարմիններում աշխատող շատ ծառայողներ Հովսեփյանի ձեռամբ պարզապես կմնան լուսանցքում: Այս վերադասավորումները հետաքրքիր ընթացք կունենան:

Պակաս հետաքրքիր չէ պատկերացնել նաեւ այն իրավիճակը, թե ինչպես  է Աղվան Հովսեփյանն ինչ-որ բան զեկուցելու իր  նախկին ենթակային, եւ ինչպես է Գեւորգ Կոստանյանը հանձնարարություններ տալու իր նախկին ղեկավարին:

Դժվար է նաեւ պատկերացնել Աղվան Հովսեփյանի փոխհարաբերությունները ուժային մյուս կառույցների ղեկավարների հետ, քանի որ ոստիկանություն-դատախազություն, ԱԱԾ-դատախազություն լարված հարաբերությունների մասին մամուլը շատ է գրել:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ նրա վերադարձով Հայաստանի իրավապահ համակարգում բավականին խաղաքարտեր խառնվելու են եւ ուշագրավ զարգացումներ են սպասվում այս ոլորտում: Հուսանք, որ այդ զարգացումները չեն խեղի մարդկանց ճակատագրերը եւ շարքային քաղաքացիներին վերաբերող քրեական գործերը չեն դառնա իրավապահ համակարգի վերին օղակների «ռազբորկայի» առիթ եւ միմյանցից վրեժ լուծելու փայլուն հնարավորություն:

 

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more