«ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրել է լայնածավալ հարված Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ միասին գերի է վերցվել և արտաքսվել երկրից:
Գործողությունը անցկացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։ Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ՝ մամուլի ասուլիսը կկայանա Մար-ա-Լագոյում»,- սոցկայքի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
***
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարվածներ Վենեսուելային - սպասելի էր...
Լիքն են վիդեոները, իմաստ չունի կիսվելը: Ընդհանուր՝ նույն տեսարանն է, ինչ վերջերս շատ ենք տեսել. լիակատար օդային գերակայության և ռազմավարական նախաձեռնության տիրապետող կողմը անում է մյուս կողմի հետո մոտավորապես այն, ինչ կատուն անում է իր տիրապետության տակ հայտնված մկան հետ...
Բացի այդ, ընդ որում սա ավելի կարևոր է, ԱՄՆ-ը օդային դեսանտ է իջեցրել և, ինչպես հենց նոր հպարտորեն հայտարարեց Թրամփը, Մադուրոյին ԳԵՐԵԼ ԵՆ: Միաժամանակ մեծ է հավանականությունը, որը Վենեսուելայի պաշտպանության և ներքին գործերի նախարարները ԶՈՀՎԵԼ ԵՆ:
Ամենայն հավանականությամբ Վենեսուելան կդառնա հերթական մի «Իրաք»՝ ԱՄՆ հսկողության տակ գործող ոչինչ չնշանակող մի նավթաշտարակ, որի միջոցով էժան նավթ են դուրս քաշում...»:
***
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, աշխարհում խաղաղություն հաստատելու և ամերիկյան պատերազմները դադարեցնելու օրակարգով իշխանության եկած ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը նոր պատերազմ սկսեց՝ այս անգամ Վենեսուելայի դեմ։
Առայժմ ցամաքային ներխուժման իրական ծավալները պարզ չեն․ իրականացվել են օդային հարվածներ մայրաքաղաք Կարակասին և մի շարք ռազմական բազաների ուղղությամբ։ Սակայն անկախ դրանից՝ սա պատերազմ է։
Ու թեև այս պատերազմը Հայաստանից մոտ 11 հազար կիլոմետր հեռավորության վրա է ընթանում, այն այնուամենայնիվ կարող է ունենալ անմիջական հետևանքներ նաև մեր տարածաշրջանի և հենց մեզ համար։
Նախ՝ այս պատերազմում, անկախ նրանից՝ այն կարճատև կլինի, թե երկարատև, ԱՄՆ-ն ստիպված է լինելու ծախսել, իսկ ավելի ճիշտ՝ վատնել հսկայական ռեսուրսներ։ Դիմադրելու են ոչ միայն Վենեսուելայի զինված ուժերն ու ժողովրդի զգալի մասը, այլև գրեթե ամբողջ Լատինական Ամերիկան դատապարտելու է ամերիկյան ներխուժումը՝ բացառությամբ, թերևս, Արգենտինայի և մեկ-երկու մանր պետությունների։ Վերջին անգամ ԱՄՆ-ն լատինամերիկյան պետության տարածք ներխուժել էր Պանամայում՝ 1989 թվականին։ Առանց այդ էլ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ամերիկացիները լայնորեն ընկալվում են որպես գաղութարարներ, իսկ այս ներխուժումը նոր թափ է տալու հակաամերիկյան տրամադրություններին։ Թեև քիչ հավանական եմ համարում, որ ԱՄՆ-ն կհամարձակվի իրականացնել լայնամասշտաբ ցամաքային ներխուժում, սակայն անհրաժեշտության դեպքում տասնյակ հազարավոր կամավորներ լատինամերիկյան երկրներից կարող են միանալ վենեսուալական դիմադրությանը։ ԱՄՆ-ն չի կարողանալու վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նավթային ահռելի պաշարների նկատմամբ և այս կամ այն անվան տակ շահագործել դրանք։, ինչը հենց այս պատերազմի և ձախակողմյան նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռացնելու բուն նպատակն է։
Չինաստանն ու ՌԴ-ն, որոնք Վենեսուելայի հետ ունեն սերտ տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր, վճռականորեն դատապարտելու են Վաշինգտոնի նոր պատերազմը և միջազգային ասպարեզում ամեն կերպ աջակցելու են Կարակասին ու անձամբ Մադուրոյին։ Միաժամանակ Թրամփի դիրքերը թուլանալու են նաև ԱՄՆ ներսում, քանի որ քաղաքական ու հասարակական ազդեցիկ ուժեր դեմ են լինելու երկիրը հերթական պատերազմի մեջ ներքաշելուն։ Ամերիկյան հասարակությունը հոգնել է պատերազմներից։ Ամեն դեպքում Վենեսուելան վերածվելու է ԱՄՆ ռազմական, ֆինանսա-տնտեսական և այլ ռեսուրսների ապարդյուն մսխման հերթական թատերաբեմի։ Արդյունքում Վաշինգտոնի ուշադրությունն ավելի է հեռանալու Եվրոպայից, Ուկրաինայից և առավել ևս՝ Այսրկովկասից։
Ասվածը նշանակում է նաև, որ առնվազն առաջիկա ամիսներին Իրանի դեմ սպասվող հերթական խոշորածավալ հարձակումը գրեթե անհնար է լինելու։ Իսկ Իսրայելը միայնակ ի վիճակի չէ լայն պատերազմ սանձազերծել Իրանի դեմ։ Արտաքին քաղաքական առումով Իրանի դիրքերը էականորեն կայունանալու են, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանին, քանի որ այսօր Իրանը հանդես է գալիս որպես Սյունիքի, եթե ոչ ամբողջ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր։
Միևնույն ժամանակ Թրամփի այս արկածախնդրական պատերազմը ցույց է տալիս, որ միջազգային քաղաքական համակարգն իսկապես լիովին դուրս է եկել օրինական իրավաքաղաքական շավիղներից։ Միջազգային իրավունքը մեծապես արժեզրկվել է, իսկ ուժի կիրառումը դարձել է որոշիչ գործոն։ Այդ մասին նախկինում բազմիցս բացահայտ խոսել է ֆաշիստական Ադրբեջանի նախագահը՝ ուղղակիորեն սպառնալով Հայաստանին։ Ինչպես ցույց տվեցին նաև Թաիլանդի և Քամբոջիայի միջև ծավալված ռազմական գործողությունները, Թրամփի կնքած «խաղաղության համաձայնագրերը» և բանավոր անվտանգության երաշխիքները գործնականում արժեք չունեն և պարզապես ծիծաղելի են։
Այսպիսի արտաքին պայմաններում Հայաստանը պարտավոր է շտապ և կտրուկ բարձրացնել իր պաշտպանունակության մակարդակը։ Մինչդեռ փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ՝ դիմադրողականության և պաշտպանունակության հետևողական նվազեցման, իսկ փաստացի՝ զրոյացման։
Լրացուցիչ եզրակացությունները, կարծում եմ, ավելորդ են»:
***
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելային։ Կարակասում պայթյուններ են լսվել, և մայրաքաղաքի վրա գործում են հակաօդային պաշտպանության միջոցներ։ Reuters-ը հաղորդում է, որ Թրամփը պաշտոնապես չի հայտարարել հատուկ գործողության մեկնարկի մասին։
Տեղացիների խոսքով՝ հարվածները հասցվել են քաղաքի հարավային հատվածին՝ Ֆորտ Տիունա թաղամասին և Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ռազմաօդային բազային։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Կարակասում հարձակման է ենթարկվել առնվազն տասը թիրախ։ Հարված է հասցվել նաև երկրի հյուսիսում գտնվող Վարգաս նահանգի Լա Գուայրա ռազմածովային բազային։
Ամերիկյան գրոհային ուղղաթիռներ են նկատվել: Վենեսուելայի ռազմաօդային ուժերը բարձրացրել են Սու-30ՄԿՎ կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում են նաև Չինուկ ուղղաթիռներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet