Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
-Լոնդոնի օլիպիական խաղերի ժամանակ հարբած մեկնաբանելու հիմար լուրը: Սկզբում շատ զայրացա, բայց հետո հասկացա, որ հիմարություն է:
- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
-16 տարեկան հասակումս մեկնել էի ծովափ` հանստանալու: Բավական խորն էի լողացել, երբ հանկարծ 30-40 մետր հեռավորությամբ դելֆին տեսա: Շատ վախեցա, բայց հետո հիշեցի, որ Սև ծովում շնաձուկ չկա, դելֆիններն էլ վտանգավոր չեն: Մի փոքր հանգստացա ու հանգիստ լողացի դեպի ափ, ոտքերիս տակ հող զգալով` ամբողջ ուժով վազեցի ջրից դուրս:
- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
-Հանդուրժողականությունը:
- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
-Իրականում ես դա կանեի 8-10 մարդու համար, բայց այստեղ կարևորը բնազդն է: Վճիռը կայացնելու ճակատագրական պահին հենց բնազդն է թելադրողը:
- Կհիշե՞ք լրագրողական գործունեության ընթացքում Ձեզ հետ պատահած ամենահետաքրքրիր դեպքը:
-Նման դեպք պատահել է 2001թ-ին Հունաստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վաղինակ Գալստյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն. ես ցատկեցի տրիբունայից, վազեցի գորգ ու գրկեցի չեմպիոնին: Իհարկե անվտանգության աշխատակիցները ինձ դուրս հանեցին, բայց հասկացան ու ներեցին:
- Ինչո՞ւ ընտրեցիք հենց սպորտային լրագրությունը:
- Որոշողը կրկին բնազդն էր:
- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:
-Ընդունակությունը: Իհակրե զզվում եմ ծույլերից ու ծուլությունը համարում եմ ամենաբացասական հատկանիշը, սակայն համոզված եմ, որ մարդ բնությունից պիտի օժտված լինի. անխելք աշխատասիրությունը լավ արդյունք չի տա:
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
-Փառք Աստծո, շատ են:
- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
-Բայց ինչու ենթադրել, ես հավատում եմ դրան: Նախորդ կյանքում ես եղել եմ ծովահենների նավապետ և մեծ գանձ եմ կորցրել: Եթե այս կյանքում չգտնեմ, հաջորդ կյանքում ամբողջովին կնվիրվեմ այդ գանձի որոնմանը:
- Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
-Եթե չգիտես ինչ անել` արա մեկ քայլ առաջ:
- Ի՞նչ է Ձեզ համար փողը:
-Ցանկությունները կատարելու և պարզապես ապրուստի միջոց: Փող ծախսելը մեծ հաճույք է:
- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
-Անընդհատ նվնվացող մարդկանցից:
- Ի՞նչ չունեք, որ կուզեիք ունենալ:
-Լուսանկար Նիկոլ Քիդմանի հետ:
Հեղինակ` Անի ԲԵՔԻՐՅԱՆ