▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից հափշտակվել է ավելի քան 230 մլն դրամ


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական  վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ ավելի քան 230 մլն դրամի հափշտակության հանգամանքները, եղանակը։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի։

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 60-ամյա բնակիչն իր ֆինանսական խնդիրները լուծելու, ապօրինի ճանապարհով գումարային մեծ օգուտներ ստանալու նպատակով 2012-2014 թվականների ընթացքում պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր և դրանք իրացրել Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։

Մասնավորապես՝ ունենալով ոսկերչի մասնագիտական գիտելիքներ՝ Գյումրեցի տղամարդը 2012 թվականի սկզբներից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր։

Քննությամբ պարզվել է ոսկերչի կողմից կիրառված կեղծիքների մի քանի տարբերակ. մի դեպքում ոսկեջրել է  արծաթյա ապարանջաններն ու շղթաները,  իսկ մեկ այլ դեպքում՝ ոսկյա մանյակների, ապարանջանների, շղթաների սնամեջ դետալներում լցրել է «Վուդի համաձուլվածք» կոչվող դյուրահալ նյութ՝ այդ կերպ  զգալիորեն  ծանրացնելով ոսկյա զարդերի քաշը։

Նշված եղանակների  օգտագործմամբ ոսկերիչը  խեղաթյուրել է զարդերի որակական հատկանիշները, դրանց շուկայական արժեքը, ոսկու կշիռը, հարգը, զարդերում առկա ոսկու պարունակությունը, ինչից հետո հատուկ տեխնիկական  սարքավորումների օգնությամբ, արհեստագործական կամ ինքնաշեն եղանակով կեղծել է նաև պատրաստված զարդերի տարբերանիշերը, հարգադրոշմները՝ դրանք նմանեցնելով համապատասխան   լիցենզավորված կազմակերպությունների հարգադրոշմներին և տարբերանիշերին։ Կեղծված զարդերն իր ընտանիքի անդամների, ազգականների և ծանոթների միջոցով գրավադրել է  Շիրակի մարզում գործող 6 տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։

Քննությամբ պարզվել է, որ  կեղծված զարդերի մեծ մասը տաբեր վարկառուների միջոցով գրավադրվել  է 2 բանկում։ Ընդ որում, դրանցից մեկում նրան աջակցել են տվյալ բանկի ոսկերիչ-փորձագետները, որոնց հետ 60-ամյա գյումրեցին ծանոթ է եղել նախկինում ևս։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բանկի ոսկերիչ-փորձագետները նախապես տեղեկացված են եղել վարկառուների ներկայացրած զարդերի կեղծված լինելու մասին և փաստացի չկատարելով իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունները՝ չեն ստուգել, չեն պարզել ներկայացված զարդերի մետաղի տեսակը, հարգը՝ դրանք ձևակերպելով  որպես գրավի առարկա։

Կեղծված զարդերի գրավադրմամբ՝ 60-ամյա գյումրեցին Շիրակի մարզում գործող վարկային կազմակերպություններից և բանկերից ստացել է դրանց շուկայական արժեքն էապես գերազանցող վարկեր։  Խարդախության եղանակով հափշտակված գումարը գնահատվել է 234.450.442 մլն դրամ։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գյումրիի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, բանկի երկու ոսկերիչ-փորձագետներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more