Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, որ կյանքից վաղաժամ հեռացած սիրված դերասանուհի Լալա Մնացակայնաի ամուսինն է, պատմել է, թե ինչպես ստեղված «Իմ սիրտը Ձերն է» ներկայացումը։
«Հինգշաբթին ինձ համար տարիներ շարունակ եղել է ընկերներիս հետ հանդիպման օր․․․
․․․ԻՄ ՍԻՐՏԸ ՁԵՐՆ Է․․․
Մտա արվեստանոց, որ Լալային ինստիտուտ տանեմ: Հ1-ով «Ճանապարհ դեպի կրկես»-ն էին ցույց տալիս, պարանով էտյուդն էր էկրանին:
- Աշ ջան, անջատիր գնանք, դասից ուշանում եմ։
- Լալա, արի, մի հատ նայիր, էս Ենգիբարյանը մեկին-մեկ դու ես, արի մի բան նկարենք:
- Դրա ժամանակը չէ, գնացինք։
Ճանապարհին երկուսս էլ լուռ էինք, բայց երևում էր՝ էս միտքը երկուսիս էլ հանգիստ չէր տալիս։ Երեկոյան, դասից հետո երբ նստեց մեքենան, ես միանգամից սկսեցի.
- Արի Ենգիբարյանի մանրապատումները նկարենք, դու ռադիոյով կարդացել ես։
- Հոգնած, վրես հալ չկա, 5 ժամ հաչացել եմ, գնանք խելքի գամ՝ հետո, սովից կաղկանձում եմ։
Մտանք տուն՝ ամեն ինչ փոխվեց։
- Արդեն ուզում ես քնե՞լ:
- Ակնարկդ հասկացա:
- Ճիշտ չհասկացար, էսօր ի՞նչ էիր ասում, ի՞նչ նկարենք:
- Ենգիբարյանի մանրապատումները:
- Կարելի ա, գիտե՞ս, բայց ո՞նց:
- Որ ուզենանք՝ ոնցը կհայտնվի․․․
- Վաղը դասից հետո գնալու եմ մեր դասարանի Սուսոյի մոտ, աղջիկներով հանդիպում ենք, Մանեին դասից որ վերցնես, արի ինձ էլ վերցրու՝ տուն գանք։
Երբ Սուսանենց Այգեձորի տունը քողարկող գույնզգույն, կիսաժանգոտ, թիթեղե ավտոտնակների նեղ արանքից աղմուկով ու կչկչոցով, շարք կանգնած երևաց ջոկատը՝ Լալան, Սուսանը ու Նինան, ես հասկացա՝ Ենգիբարյան վիրուսը տարածվել էր։ Լալայի ոգևորությունը չթողեց, որ բան հարցնեմ։
- Սուսանը կգրի բառերը, Նինան՝ երաժշտությունը, մնում է մնացածը՝ գործիքավորումը, ձայնագրումը ու նկարահանումը։ Ընկերները որ խառնվում են գործին, անհնարինը դառնում է հնարավոր։
Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար։ Մյուս օրը արվեստանոց եկավ մեր ԸՆԿԵՐ Ստեփանը Շահինյանը։ Հենց իմացավ կլիպի մասին, Լալայի հետ անցան պլաստիկայի, շարժման փորձերին, իսկ մեր մյուս ԸՆԿԵՐ Հրանտը Վարդանյան սկսեց այդ պլաստիկան վերածել կադրերի ու վերջին շտկումներն անել։
Սուսաննան ու Նինան բերեցին բառերն ու երաժշտությունը, ոգևորությունը սահման չուներ, հարկավոր էր գումար ճարել գործիքավորման համար։ Մեր ԸՆԿԵՐԸ՝ Լալայի համադասարանցի Դավիթ Սարգսյանը, ամբողջ օլիգարխ շրջապատը իրար խառնեց։ Մի քանի օր հետո այդ հարցը լուծվեց Դավթի քավորությամբ: Գործիքավորումն էլ չուշացավ։ Երկու օրվա գիշեր-ցերեկ վոկալի փորձերից հետո Լալան ձայնագրեց երգը։ Մոտենում էր Ենգիբարյանի ծննդյան օրը, հարկավոր էր հասցնել։ Նկարահանումն ու հեռարձակումը հանձն առավ Հայկական 2-րդ հեռուստալիքը մեր լավ ԸՆԿԵՐՈՋ՝ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Մնում էր ես պայմանավորվեի մեր ավագ ԸՆԿԵՐՈՋ՝ կրկեսի գլխավոր ռեժիսոր Սոս Պետրոսյանի հետ: Նա այնքան արագ ամեն ինչ կազմակերպեց, որ երբ մեր ԸՆԿԵՐՈՋ՝ կլիպի ռեժիսոր Վարդան Պետրոսյանի հետ գնացինք նկարահանման վայրերը նայելու, կրկեսի Ենգիբարյանի անվան ստուդիայի սաները արդեն փորձեր էին անում։ Այ թե ինչ է նշանակում, երբ ընկեր համախոհները միանում են մի նպատակի համար։
Դիտեք նաև՝