▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել է. կա 2 զոհ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Այս մասին հայտնում են shamshyan.com-ը:

Ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։  

Մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։
 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit մակնիշի առանց համարանիշի, մեծ փայտանյութով՝ հաստաբուն կոճղերով, բարձված ավտոմեքենան Մարց-Լորուտ միջհամայնքային ճանապարհով անցնելիս է եղել, երբ այդ վայրում ոստիկանական ստուգիչ անցակետում ծառայություն կատարող ոստիկանները կանգնեցրել են առանց համարանիշի այդ Ford-ը, քանի որ նկատել են, որ այն անտառից է դուրս գալիս և ունեցել են կասկածներ, որ հնարավոր է՝ ավտոմեքենան բարձված լինի փայտով, սակայն Ford-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» պահանջին և էլ ավելի է սկսել արագ վարել ավտոմեքենան, որպեսզի շուտ հեռանա ոստիկանների տեսադաշտից։ Ոստիկանները սկսել են հետապնդել և մի քանի անգամ ոստիկանական Վիլիսի լուսային և ձայնային ազդանշաններով հետապնդել են Ford-ը և բարձրախոսով հրահանգել են, որպեսզի նա ենթարկվի ոստիկանների «կանգ առ» պահանջին։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորում է ոստիկանների տեսադաշտից, ու նրանք սկսում են որոնել կասկածելի ավտոմեքենան։ 

Հասնելով արդեն Լորուտի վարչական տարածք՝ նկատում են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։  Դեպքի մասին տեղեկանում են ոստիկանության նրանց գործընկերներն ու Ալավերդու հիվանդանոցի բժիշկներն ու Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը։

 Արդեն տեղում հայտնաբերվում են մահացած տղամարդու 2 մարմին։  Մինչ կժամանեին օպերատիվ խմբերը, մի խումբ անձինք հարձակվում են ոստիկանւթյան աշխատակիցների վրա, քարերով, փայտերով վնասվածքներ պատճառում նրանց, ապա կասկածելով, որ եթե ոստիկանները չհետապնդեին Ford Transit-ը, ապա այն վթարի չէր ենթարկվի, ոստիկանական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան հրում- գցում են անտառը՝ այն վերածելով մետաղե ջարդոնի։
 Նշված վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա այս անգամ արդեն հարձակման է ենթարկվում դեպքի վայր շտապող ոստիկանության ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան, որտեղ նույնպես ծեծի են ենթարկվում ոստիկանները, ապա քարերով կոտրում են ավտոմեքենան և հրկիզում։ 

 
Նշված վայր են ժամանում Ալավերդու հրշեջ-փրկարարները, ովքեր մարում են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվում է մոխրակույտի։  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ միջադեպի հետևանքով կան նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության մեծ թվով ոստիկաններ՝ գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլև Լորուտ գյուղում, քանի որ կան կասկածներ, որ անօրինական ձևով անտառահատման ու ոստիկանական օրինական պահանջին չենթարկվող, ապա վթարի ենթարկված մահացածների հարազատներն այդ գյուղից են։  Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի և 2 տեղակալների գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները։  Ուժեղացված ծառայության են անցել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության մի քանի խմբեր էլ մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ հսկողության տակ են վերցրել մի քանի բնակիչների տներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկը մյուսի նկատմամբ ոտնձգություններ չանեն։ 

 Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածերով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինքնավթարի հետևանքով մահացածների, վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Լոռո մարզի քննչական վարչության պետ Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 1-ին մասի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 242 հոդվածի 3-րդ մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more