▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հարցը պետք է լուծվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով․ Խանդանյան

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում փետրվարի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, Երեկվա բանավեճի ընթացքում, երբ այս վեհաժողովի անդամները խոսում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ դրա անհապաղ վերագործարկման անհրաժեշտության մասին, մեր ադրբեջանցի գործընկերները նրանց հակադարձում էին այն փաստարկով, թե դեկտեմբերից ի վեր միջանցքով անցել են Կարմիր Խաչի եւ ռուսական խաղաղապահ զորախմբի մի քանի հարյուր բեռնատարներ: Հարցս հետեւյալն է. երբվանի՞ց մենք սկսեցինք հաշվել բեռնատարների քանակը, որոնք սնունդ, դեղորայք եւ վառելիք են հասցնում մեր բնակավայրեր, երբվանի՞ց է ազատ տեղաշարժի իրավունքը դարձել մեծահոգության դրսեւորում եւ դեռ որքա՞ն կարելի է ծաղրել միջազգային հանրությանը: Հարգելի՛ գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս մեր նպատակը համակարտությունը հավերժացնելը չէ: Ճիշտ հակառակը. մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը Հարավային Կովկասում ատելության եւ բռնության շրջափուլը հաղթահարելու համար: Ուստի ես ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները եւ կայունություն հաստատել մեր տարածաշրջանում: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով: Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, եւ այն պետք է լուծվի Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով: Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքները՝ երկրների ինքնիշխանության եւ ճանապարհների նկատմամբ իրավասության պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի ավելի քան 30 տարի: Ես ավելի երիտասարդ եմ, քան այս հակամարտությունը, եւ որպես երիտասարդ խորհրդարանական, որպես երիտասարդ որոշում կայացնող՝ ես չեմ ցանկանում այս հակամարտությունը ժառանգություն թողնել հաջորդ սերնդին: Այս տարվա նախագահության կարգախոսն է՝ «Սա մարդկանց մասին է» (Its about people), եւ ես հավատում եմ, հուսով եմ՝ մենք հավատում ենք, որ դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այդպես չէ՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more