▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտական դիրքում կատակը վերածվել է դժբախտության. «Ժողովուրդ»

Բոլորիս է հայտնի «քարով մի խաղա, մեջն արյուն կա» ժողովրդական խոսքը: Ողջաբերդի 20-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Սերոբ Բուդաղյանին, անկասկած, այս խոսքերն անծանոթ չեն, բայց նա որոշեց խաղալ «քարով», ավելի հստակ` լիցքավորված ինքնաձիգով: 2013 թվականի մարտի 12-ին ԼՂՀ ՊԲ N զորամասում Սերոբի արձակած կրակոցից զոհվեց նրա ծառայակից ընկերը` Վոլոդյա Ավագյանը:

Ընկերները Վոլոդյային մտերմորեն «Տաշիր» էին կոչում` ելնելով նրա ծննդավայրի անունից: Տաշիրն ու Սերոբը մտերիմ ընկերներ էին. երբեք չեն վիճել, տարաձայնություններ էլ չեն ունեցել: Այդ օրը Սերոբը որոշել էր կատակել և իր ինքնաձիգով վախեցնել Տաշիրին, թե կսպանի… ու կատակի հետևանքները ողբերգական եղան:

Մարտական դիրքում Սերոբը փամփուշտատուփն ամրացրեց զենքին, փակաղակը քաշելով` լիցքավորեց այն և փողն ուղղելով ընկերոջ գլխին` մեկ ընդհուպ կրակոց արձակեց նրա ճակատի ձախ շրջանին և սպանեց:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերոբի ծննդավայրի ղեկավար Նորայր Մելքոնյանը վստահեցրեց, որ զինծառայողն ընդունակ չէ մարդու սպանել, և տեղի ունեցածը թյուրիմացություն և պատահականություն է: Ողջաբերդի ղեկավարի գնահատմամբ` Սերոբն այն մարդն է, ումից շատ երիտասարդներ պետք է խոհեմություն և ընկերասիրություն սովորեն, օրինակ վերցնեն նրա բարությունից:

«Սերոբն ամբողջ Ողջաբերդում առանձնանում էր իր համեստությամբ: Բոլորիս շատ էր զարմացրել դեպքը: Անգամ հայրը՝ Սոսը, չի կարողանում բացատրել՝ ինչպես նման բան եղավ, Սերոբը ոչինչ չի պատմել: Դեպքի օրը շփոթված զանգել է հորը, թե՝ պապ, մարդ եմ խփել, դատվում եմ: Սոսն ասում է՝ չհասկացա՝ ինչ էր ասում: Մինչև փորձեցինք մարդ գտնենք, որ մի բան ասեն, արդեն հայտնեցին, թե ձերբակալվել ա»,- «Ժողովուրդ»-ին պատմեց համայնքապետը՝ հավելելով, որ Սերոբի ծնողները չեն կարողանում այցելել նրան՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

Ժամկետային զինծառայող Սերոբ Բուդաղյանը թե՛ նախաքննության, թե՛ դատական քննության ընթացքում հայտարարել է, որ Վոլոդյա Ավագյանին սպանելու նպատակ կամ պատճառ երբևէ չի ունեցել, նրանց միջև մշտապես եղել են ընկերական ջերմ հարաբերություններ: Հատկանշական է այն, որ Սերոբը տեղեկացրել է, որ լիարժեք տիրապետում է զենքից օգտվելու կանոններին և իր ծառայության 9 ամսվա ընթացքում հասցրել է ուսումնասիրել յուրաքանչյուր մանրուք:

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more