▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի դատարանում թեժ վիճաբանություն էր. «Ժողովուրդ»

Երեկ Մասիսի առաջին ատյանի դատարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի եւ Արթուր Զադոյանի գործով դատական նիստից առաջ եւ ընդմիջման ընթացքում դատարանի միջանցքում կրքերը թեժ էին:

 

Նախ հիշեցնենք գործի մասին. 2009-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ժամանակ Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու մեծ բանալիով (ձողով) հարվածել էր Կարապետյանի գլխին: Վերջինս էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ` վնասելով աջ ուսն ու աջ ոտքը: Ավելի ուշ Կարապետյանը հայտարարեց, թե Զադոյանն իրեն դարանակալել է եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել, որպեսզի ունեցած 57 հազար դոլար պարտքը չտա:

Նշենք, որ այս գործը կասեցվել էր մեղադրյալ Զադոյանի առողջական խնդիրների պատճառով, սակայն հիմա` 4 տարի անց, վերաբացվել է: ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը դատարանի դահլիճում հայտարարեց, թե ինքը նամակ է գրել ՀՀ նախագահին, որ գործը վերաբացվի:

Իսկ երբ մտավ դատարանի շենք, հայտարարեց, թե դատական նիստին եկած լրագրողներին կանչել է մեղադրյալ Զադոյանը, քանի որ նա Հատուկ քննչական ծառայության քննիչին ասել է, թե «լրագրողներով կվախեցնեմ Կարոյին, որ փողերը չուզի»: «Ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք եկել: 14 անգամ դատված մարդու համար ե՞ք եկել: Գիտե՞ք ինչքան մարդկանց է խաբել: Ես կարող եմ անուններ տալ. նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին խոստացել է մեքենա բերել, փողերը վերցրել, չի տվել: Նա խարդախ հանցագործ է: Նա զակազ է կատարում: Չգիտեմ՝ ում զակազն է, բայց երեւի կասի, էլի: Ինչո՞ւ չեք հարցնում Արթուր Զադոյանից, թե ինչո՞ւ է զանգահարում Օնիկ Հովհաննիսյանի տուն եւ ահաբեկում նրան, թե ընտանիքիդ անդամներին կսպանեմ, եթե ցուցմունքդ չփոխես: Եթե մի մարդ երկու քրոջ առնի, էլ ինչ կարամ ասեմ: Ինքը 104` սպանության հոդվածով պետք է բերդի ծակում փտած լիներ»:

Այն հարցին, թե Դո՞ւք եք կրակել Արթուր Զադոյանին, պատգամավորը չժխտեց. «Այո՛, ես եմ կրակել, բա թողնեի, որ ինձ սպանե՞ր: Լոմով երեք անգամ հարվածեց գլխիս, արյունը չռում էր գլխիցս: Եթե ես իրեն ցանկանայի սպանել, ապա գլխից կխփեի»:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է մշտապես հայտնվում նման աղմկալի պատմությունների մեջ, պատգամավորը պատասխանեց. «Որ բերում, սարքում են, ի՞նչ անեմ: Չէ, քաղաքական բան չկա, ման մի՛ եկեք»:

ԲՀԿ-ական պատգամավորը խիստ վրդովված նշեց, որ Արթուր Զադոյանի որդին եւս խարդախություններ է արել, որի ապացույցներն ինքը ունի եւ եթե ցանկանա խոսել այդ մասին, դա կլինի «բոմբ»:

Նկատենք, որ Կարո Կարապետյանի հայտարարությունները լսում էր նաեւ Արթուր Զադոյանը, եւ մեր այն հարցին, թե ճիշտ են արդյո՞ք պատգամավորի խոսքերը, որ նա պատգամավորների է խաբել, 14 անգամ դատապարտված է եղել, իր որդին՝ Միքայել Զադոյանը, ոստիկանության Էրեբունի քննչականի քննիչ է, ով եւս խարդախություն է արել, եւ գործը կոծկել են, Արթուր Զադոյանը պատասխանեց, թե սուտ են` հրաժարվելով հավելումներ անելուց: 

Հեղինակ` ՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more