▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը արձանագրում է՝ իրենց դեմ ուղղված ցանկացած քայլ է՛լ ավելի ակնհայտ է դարձնում իշխանության վախերը։

Հիշեցնենք՝ այսօր «Հանրապետություն» կուսակցությունն էր Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ դիմում ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Ի պատասխան՝ կուսակցությունից հայտարարել են.

«Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին։

Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ Հանրայինի եթերում պարտված Փաշինյանը շուտով կպարտվի նաև ընտրություններում։

Ուժեղ Հայաստանը գալիս է»։

***

ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։

Այս մասին հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

***

Փաստաբան Սոս Հակոբյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ըհնտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմումին, որը «Հանրապետություն» կուսակցությունն է ԿԸՀ ներկայացրել։ Հակոբյանը շեշտել է՝ հիմքեր չկան։

«Ընտրական օրենսգրքի համաձայն քաղաքական ուժի գրանցված նախընտրական ցուցակը չեղյալ համարելու երկու ընթացակարգ կա.  ցուցակը ուժը կորցրած ճանաչելու և ցուցակը անվավեր ճանաչելու մասին։

Ինչքան «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների բացատրություններից հասկացա, երկու հիմքն էլ դիմումի մեջ առկա է։ Բացատրությունից ակնհայտ է նաև, որ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը վերաբերում է նախընտրական հիմնադրամի միջոցներին վերաբերող կանոնների խախտմանը։

ԸՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է նման հիմք, որը վերաբերում է՝ ԿԸՀ կողմից կիրառված տուգանքների չափը նախընտրական հիմնադրամի ծախսերի թույլատրելի վերին շեմը (800 մլն դրամ) ավելին քան 20%-ի չափով գերազանցելուն։ Նման պարագայում ԿԸՀ-ն իրավունք ունի դիմել վարչական դատարան (ինքնուրույն վերջնական որոշում չի կայացնում) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Ինչո՞ւ այս հիմքը չի աշխատի։ Նախ, հիմքի համար անհրաժեշտ են նախադրյալներ.

1. Քիչ ցույց տված ծախսի, կամ շեմը գերազանցելու հիմքով ուժը մեջ մտած վարչական ակտի (ԿԸՀ տուգանքի) առկայություն, որը չկա։ Եթե անգամ ԿԸՀ-ն որոշի նման տուգանք հիմա կիրառել, ուժը կունենա բողոքարկման հնարավորություն,

2. Բացի այդ, 03.06.2026թ. ԿԸՀ-ն իր եզրակացությամբ փաստել է, որ բոլոր մասնակից քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծախսերը կատարել են օրենքով նախատեսված կարգով և չափերով։ Հետևաբար, դիմումով պետք է ներկայացված լինեն նոր փաստեր, որոնց առկայությանը դժվար է հավատալ,

3. ԸՕ մի քիչ խառնիճաղանջ 48-րդ հոդվածից բխում է, որ ԿԸՀ կողմից կայացված որոշումը (այդ դեպքում կարող է լինել որոշում՝ դատարան դիմելու կամ չդիմելու և վարույթը կարճելու մասին) կողմերը կարող են բողոքարկել երեք օրվա ընթացքում։

Ուստի այս հիմքով ներկայացված դիմումը իրավական որևէ հեռանկար չունի։ Ուժը կորցրած ճանաչելու դիմումի մի շարք այլ հիմքեր կան, որոնք ներկայում կիրառելի չեն, հետևաբար դրանց անդրադառնալու կարիք չկա։

Ներկայացուցիչները նաև նշել են գրանցումը անվավեր ճանաչելու հիմքի մասին, սակայն մանրամասներ դրա վերաբերյալ չեն ներկայացրել։

Այնուամենայնիվ, անվավեր ճանաչելու հիմքերը ավելի անհավանական են. դրանք վերաբերում են ի սկզբանե ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի կեղծված լինելուն։ Դրանցից՝ կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքերն էլ կրկին պետք է հաստատված լինեն դատական կարգով։

Ուստի, այս փուլում «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ»,- նշել է Սոս Հակոբյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more