Որոշակի երկիմաստություն կա ներկայիս իրավիճակում, բայց եթե ընդհանուր գնահատական տանք, ապա մեր հարաբերությունները մնում են դաշնակցային։
Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրել է, որ բոլորովին վերջերս այդ մասին հստակ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։
«Բարդություններ կան։ Մենք դրանք տեսնում ենք քաղաքական, տարածաշրջանային, անվտանգային ոլորտներում։ Կան նաեւ հայկական ղեկավարության հայտարարությունները, որոնք քննադատում են ռուսական խաղաղապահ զորախմբին։ Իհարկե, դա մեզ չի ուրախացնում, մենք չենք կարծում, որ առաջին հերթին արդարացի է, երկրորդ՝ ճիշտ է հրապարակավ քննադատել՝ հաշվի առնելով այն դերը, որը Ռուսաստանը խաղում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ ընդհանրապես տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման գործում։ Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակը, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ մեր հարաբերություններն ունեն ամուր հիմք եւ շատ լավ ներուժ»,-ասել է Կոպիրկինը:
Նրա գնահատմամբ՝ տնտեսական հարաբերությունները շատ դինամիկ են, ցուցանիշներն ավելանում են։ «Հայաստանը շատ լավ դեր է խաղում Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում»,-հավելել է դեսպանը: