Ճիշտ կլինի ասել, որ Բեկորը ազատամարտիկի իր գործունեությունը սկսել է զենք ստեղծելուց և զենք ձեռք բերելու նպատակով միջոցներ հավաքելուց: Դեռևս 1987 թվականին նա զենք գնելու նպատակով բանակցում է անգամ Լաչինի իր ծանոթ քրդերից մեկի հետ: Ի՞նչ իմանար, որ ընդամենը մի քանի տարի անց նա իր «քիրվայի» տունը պիտի գար զենքով և հենց այդ տունն էլ պիտի դառնար մարդասիրական միջանցքը բացած ջոկատներից մեկի «զորանոցը»:
Նա իր ընկերների նեղ շրջանակի օժանդակությամբ և գիտությամբ սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ և նռնականետեր: Իհարկե, անչափ դժվար և վտանգավոր էր դա ինչպես կյանքի համար, այնպես էլ «բռնվելու վախի»
առումով, չէ՞ որ «կևորկովյան» տխրահռչակ վարչակարգը հետապնդում էր ոչ միայն զենք պատրաստողներին, այլև այդ զենքի օգտագործման մասին մտածողներին: Աշոտի ստեղծած ինքնաշեն 1-ին զենքը 16 գծանի կարճափող հրացանն էր: Այն ստեղծվել է խիստ գաղտնի պայմաններում, այսօր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր, արցախյան շարժման ամենաակտիվ և վճռական մասնակիցներից մեկի՝ Ռոլես (Անդրանիկ) Աղաջանյանի գրասենյակի նկուղում: Ի դեպ, պատերազմի առաջին իսկ օրվանից Ռ. Աղաջանյանն արցախյան պաշտպանության բանակի ինժեներական ծառայության պետն է: Եվ, այնուամենայնիվ, մատնել են: 1988 թվականին արցախյան ՊԱԿ-ի պատասխանատու աշխատող Վիկտորը (տղաները չեն հիշում ազգանունը, և դա պետք էլ չէ, դավաճանին ի՞նչ ազգանուն) ընկնում է գաղտնի զենքի հետքերի վրա, և Բեկորը ստիպված է լինում խաղալ «Կամոյի դերը»: Համոզված լինելով, որ ՊԱԿ-ին ամեն ինչ հայտնի է, նա հապշտապ պատրաստում է մի քանի «նռնակներ» (ստվարաթղթի և պատրույգի պարտադիր և երևացող «հանցանշաններով») և «հմուտ» չեկիստները, գոհ իրենց հայտնաբերածով, թողնում-հեռանում են, այդպես էլ չիմանալով իսկական զենքի ոչ տեղը, ոչ էլ քանակը…

Նրա սեփական գծագրերով զենքի մի քանի տեսակների արտադրության առաջարկներն այդպես էլ մնացել են «ձայն բարբառո հանապատի» և կորել երևանյան անպատասխանատու «պատասխանատուների» դարակներում և գզրոցներում: Որքա՜ն էր վիրավորվում և հիասթափվում հայրենասեր ազատամարտիկը նման վերաբերմունքից՝ միայն քչերին է հայտնի…
Զենքերի պատրաստման և փորձարկման ժամանակ Աշոտը մի քանի անգամ վիրավորվել է: Դժվար է գտնել արցախյան շարժման մեկ այլ մասնակցի, որ մինչև պատերազմական գործողություններն սկսվելը վիրավորված լինի… երեք անգամ: Առաջին անգամ վիրավորվել է Սիսիանում, ինքնաշեն նռնակի պայթյունից նրան փրկել է… փողը: Զենք գտնելու նպատակով կուտակած փողը հաստ կապոցով կապած է եղել ազդրին և նռնակի բեկորը «մահացու» խոցել է փողի կապոցը՝ չհասնելով ոտքին. վիրավորված Աշոտը կատակել է.
- Ես ասում եմ, չէ՞, տղերք, որ մեր փրկությունը փող հավաքելու մեջ է, հիմա համոզվեցի՞ք…
«Բեկոր» մականունը նա ստացել է դեռ մինչև պատերազմը՝ Եղվարդում: Ինքնաշեն նռնակի փորձարկման ժամանակ պայթած նռնակի մի քանի բեկորներ «հանգրվանում» են Աշոտի մարմնի տարբեր մասերում և այդպես էլ մնում մինչև նրա հերոսական կյանքի վերջին օրերը: Բերկորներից մեկն էլ խրվում է Աշոտի կոկորդը: Հենց այդ օրվանից էլ (հավանաբար ազատամարտիկների մյուս «աշոտներից» տարբերելու համար) ընկերները նրան «կպցնում» են «ասկոլկա» (Բեկոր) անունը: Առանց իմանալու, որ այդ անունով էլ նա պետք մնա մեր պայքարի տարեգրության էջերում…
«Բեկոր» անվան ծագման վերաբերյալ կան նաև այլ վարկածներ: Ամենատարածվածը թերևս այն է, որ այդ անունը նրան կպցրել են… օմոնականները: Զենք հայթայթելու նպատակով Աշոտի հաճախակի երթևեկությունները չէին կարող գաղտնի մնալ Արցախում այդ օրերին իրենց ազատ զգացող (նախկին Խորհրդային Միության ներքին զորքերի հայատյաց վերաբերմունքի պայմաններում) ադրբեջանցի օմոնականների աչքից: Եվ նրանք միշտ մանրազնին ստուգում էին Աշոտին: Օդակայանի ստուգիչ կետով անցնելիս մետաղորսիչ սարքերը միշտ «առանձնացնում» էին նրան: Ստուգողները շշմում էին, երբ գրպանի դանակը, ձեռքի ժամացույցը և անգամ մետաղադրամները վերցնելուց հետո էլ Աշոտը մնում էր «մետաղյա»: Ստիպված բացատրում էին, որ մետաղը նրա մարմնի մեջ է, ոչ թե գրպանում կամ պայուսակում: Որ մեղավորը զենքը չէ, այլ բեկորը…
Ստեփանակերտում առաջին ինքնաշեն նռնակները Բեկորի ստեղծածներն էին: Տեխնիկական և արդյունավետության առումով ինքնատիպ էին նրա մտահղացումները՝ զենքի նոր տեսակներ ստեղծելու բնագավառում: Ասես կանխազգում էր, որ ազատագրական այս պայքարը երկարատև է լինելու և զենքն է հաճախ վճռելու մարտի ելքը: Նրա գծագրած նռնականետը (1,5 կմ նշանառությամբ, հինգ լիցքով, առանց ձայնի) կարելի է համարել զինագործության բնագավառի հրաշքներից մեկը, թեև, ցավոք, այն մինչև հիմա էլ մնում է որպես մտահղացում:
Բնական է, որ զենք ստեղծելու որոնումներին պետք է հետևեին զենք հայթայթելու հոգսերը: Աշոտն առաջիններից մեկն էր նաև այս բնագավառում: Տարիներ շարունակ նա գաղտնի զբաղվել է Արցախ զենք փոխադրելու գործով, և ինչե՜ր ասես, որ չի հաղթահարել, ի՜նչ որոգայթներ, որոնցից հազիվ է դուրս պրծել թուրք, ռուս, հայ հետապնդողներից, հալածողներից, ի՜նչ ճանապարհներով ասես, որ չի ազատվել, ի՜նչ քայլեր ասես, որոնց չի դիմել՝ փախուստ, փաստաթղթերի կեղծում, խորամանկություն, ճարպկություն, դերասանություն, կաշառք…:
Իսկ երբ պարզ դարձավ, որ առճակատումն այլևս անհնար է կանխել, երբ միութենական թուրքամետ «կենտրոնը» բացահայտ դաշինք կնքեց ադրբեջանական տխրահռչակ օմոնի հետ և սկսվեց Արցախը արյան մեջ խեղդելու, հայաթափելու, ծնկի բերելու «յազով-պուգո-կրյուչկով-պալյանիչկոյական, ֆաշիստական, «սև հարյուրյակային» ծրագրի իրագործումը, Աշոտ Ղուլյանը դարձավ ազգային-ազատագրական պայքարի առաջին զինվորներից մեկը: Դժվար է այսօր ստույգ վերականգնել մարտական բոլոր այն գործողությունների, արշավների, հետախուզությունների, մեծ ու փոքր մարտերի աշխարհագրություն-տարեգրությունը, որոնք կապված են անձամբ Բեկորի հետ: Անգամ վաշտի գրագիր Սուրեն Աբալյանը, որ բարեխղճորեն արձանագրել է Աշոտի ջոկատի կատարածը, դժվարանում է իր արածն ամբողջական, ամփոփիչ համարել, քանի որ Բեկորի մարտական ուղին սկսվել է տակավին 1-ին վաշտի ստեղծումից առաջ:
«ԲԵԿՈՐ», Մուշեղ Սարենց, 1993թ.
«ԲԵԿՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ» երգն` այստեղ:
Աղբյուր` nakhshkaryan.blogspot.com