▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան. «Հայր դառնալուն պես դարձել եմ ավելի համբերատար ու հասկացող»

Մեր ամենազբաղված հայրենակիցներից մեկը` ամերիկաբնակ պարող Միհրան Կիրակոսյանը, հնարավորություն է ունեցել հավելյալ ժամեր անցկացնել ընտանիքի անդամների հետ, քանի որ նշել է իր ծննդյան տարեդարձը: Oրերս էլ նա ժամանակ է տրամադրել Բրավո.am-ին և անձնական ու գործնական կյանքից որոշ մանրամասներ պատմել: 

«Ծննդյանս նախօրեին` հունվարի 26-ին, ես և ընկերներս գնացինք ճաշելու, այնուհետեւ ակումբ` պարելու: Իսկ ծննդյանս օրն անցկացրել եմ ընտանիքիս` զույգ աղջիկներիս, կնոջս ու ծնողներիս հետ:

Ընտանիքիս հետ անցկացնում եմ այնքան ժամանակ, որքան ինձ թույլ է տալիս զբաղվածությունս: Ինչ խոսք` դա բավարար չէ: Այնուամենայնիվ, ամեն շաբաթ ես ունենում եմ հստակ ժամեր, որոնք տրամադրում եմ միայն ու միայն կնոջս ու փոքրիկներիս:

Հայր դառնալուն պես դարձել եմ ավելի համբերատար ու հասկացող ուսուցիչ: Հասկացել եմ, թե ինչ է նշանակում սիրել անվերապահորեն: Օր օրի, աղջիկներիս ճանաչելով, ունենում եմ հիանալի զգացողություններ: Ճիշտ է` նրանք ինձնից շատ բաներ են սովորում, բայց շատ բաներ էլ ես եմ սովորում նրանցից:

Դեռ չեմ պլանավորում Հայաստան գալ: Բայց վստահ եմ` շուտով ընտանիքով կայցելենք. ուզում եմ` երեխաներս փոքրուց ծանոթ լինեն հայոց պատմությանը, մշակույթին ու հայերին, քանի որ դա է իրենցը:

Շարունակում եմ համագործակցել տարբեր հեռուստանախագծերի ու արտիստների հետ, բայց այս պահին ինձ համար առաջնայինը Լուարան է: Արդեն մեկ տարի է` աշխատում ենք միասին: Վերջերս կայացել է նրա «Fire in me» տեսահոլովակի պրեմիերան: Այս տարվա հետ կապված մենք դեռ շատ մեծ պլաններ ունենք»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more