ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Հայ Եկեղեցու սպասավորի խոսքին ծաղրանքով արձագանքողները չեն կարող արդարանալ իբր աթեիստ, քաղաքական դեմք կամ աղանդավոր լինելով (սատանիստների ու մյուս ապօրինի ու ապազգային ուսմունքների մասին չէ խոսքս), բոլոր դեպքում էլ՝ արգելվում է այդպիսի պահվածքը։ Անգամ սովետական աթեիզմի դասագրքերում Հայ Եկեղեցին ու իր սպասավորները չէին նշավակվում։
Իսկ Գերաշնորհ Միքայել Սրբազանի խոսքը աղավաղելու փոխարեն, արժեր փորձել այն խորապես հասկանալ ու հետևություններ անել։
Ներքուստ միշտ դրական եմ գնահատել իմ պաշտոնավարման շրջանում իրավապաշտպանների հետևողականությունը, ըմբռնումով եմ մոտեցել նրանց ընդգծված, ինչ որ տեղ չնչին խախտումները անհարկի ուռճացնելու, աղմուկ բարձրացնելու ձգտումներին։ Իրենք հրաշալի հիշում են, որ որևէ մեկին չեմ ծաղրել կամ կոպտել, հնարավորինս եղել եմ համբերատար, ընդամենը հասկացնել եմ տվել, որ ինձ հետաքրքրում են միայն իրական փաստերը, ոչ թե հնարովի պատմությունները։
Նույնիսկ չեմ էլ անդրադառնում, թե որն էր նրանց շահագրգռվածության իրական աղբյուրը, պարզապես փաստն եմ արձանագրում։ Եվ մեր օրերում, երբ տեսնում եմ, թե էլ ավելի մեծ ջանասիրությամբ ինչպես են նույն դեմքերը արմատապես վերանայել իրենց «հայացքները» և կուրորեն պաշտպանության տակ են առել այն ամենը, ինչի տասներորդական դրսևորումներն անգամ նախկինում իրենց իբր ափերից հանում էր, ցավում եմ, ցավում եմ և իրենց և մեր Երկրի համար։ Սա արդեն համոզմունք կամ աշխարհայացք չէ, սա նաև դասական իմաստով աղանդ չէ, այլ մի ուրիշ տեսակի «աղանդ է»։
Հ.Գ. Այո, Բերձորի (ոչ թե լաչինի) միջանցքը բացելու առաջնահերթ պատասխանատուն հայրենական իշխանություններն են, սա սոսկ պայմանագրային հարաբերությունների առարկա չէ...»:
«Միքայել Սրբազանի խոսքն աղավաղելու փոխարեն, արժեր փորձել այն խորապես հասկանալ ու հետևություններ անել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet