▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածել են, թե բանկի փողերը պետք է թալանեն.«Ժողովուրդ»

Հոկտեմբերի 13-ին Կոտայքի մարզի Առինջ համայնքում կրակոցների հետեւանքով սպանված Լեւոն Ավետիսյանը «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության դրամարկղի ղեկավարն էր, իսկ ահա հրազենային վիրավորում ստացած նրա կինը՝ Նունե Ավետիսյանը, աշխատում է Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկի տարադրամի փոխանակման կետում:

Եվ այսպես՝ նշված օրը՝ ժամը 20:05-ին, երկու անհայտ անձինք, որոնցից մեկը եղել է  դիմակավորված, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 2-րդ փողոցի թիվ 9-ը տան մոտ սպասել է ամուսիններ Նունե Եւ Լեւոն Ավետիսյաններին:

Երբ Լեւոն Ավետիսյանի BMW մակնիշի ավտոմեքենան մոտեցել է իր տան մուտքին, հանցագործներն ինքնաձիգով կրակել են մեքենայի ուղղությամբ: Արդյունքում՝ Լեւոն Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունեն, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղից ավելի ուշ նրան դուրս են գրել:

«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ նախ զրուցեց «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անատոլի Տիրոսյանի հետ: Ըստ մեր զրուցակցի, Լեւոն Ավետիսյանը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում աշխատում էր որպես դրամարկղի ղեկավար: «Հոյակապ արհեստավարժ մասնագետ էր: Մեր կարծիքով միջադեպը որեւէ կապ չունի բանկի աշխատանքի հետ»:

Հարցին, թե մի՞գուցե հանցագործները մտածել են, որ բանկի դրամարկղի ղեկավարն իր մոտ շատ գումար կունենա եւ այդ պատճառով էլ հարձակում են գործել, Անատոլի Տիրոսյանը պատասխանեց. «Ցավոք սրտի մենք չենք կարող որեւէ մեկնաբանություն անել հնարավոր հանցագործների մտածելակերպի մասին, սակայն թույլ տվեք ասել, որ ՀՀ բանկային օրենսդրության համաձայն՝ բանկի դրամական հանգույցներից արգելված է դուրս հանել որեւէ գումար: Առնվազն անհեթեթություն է մտածել, որ մարդը, աշխատելով կանխիկ փողի հետ, այն կարող է բանկից դուրս հանել»:

Մեր զրուցակցի խոսքով, Լեւոն Ավետիսյանին գրեթե հանդիպել է ամեն օր. «Երբեւէ չեմ լսել թշնամիների կամ խնդիրների մասին: Գիտեք, եթե մարդն ունի թշնամիներ կամ պարտքեր, դժվար թե մնա եւ բանկում աշխատի՝ որպես ղեկավար: Ցավոք, պետք է նշեմ, որ նրան դեպքի օրը չեմ տեսել»:

Հաշվի առնելով «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անատոլի Տիրոսյանի պնդումները, թե բանկի գումարը բանկի դրամական հանգույցներից արգելված է դուրս հանել, ենթադրվում է, որ Լեւոն Ավետիսյանը դժվար թե խոշոր գումար պահեր իր մոտ: Իսկ գուցե հանցագործները, որպես «ախորժալի որս», աչքի տակ են վերցրել Լեւոն Ավետիսյանի կնո՞ջը, որն էլ  Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկի տարադրամի փոխանակման կետի աշխատակից է. մտածել են, որ կարող էր նրա մոտ կլորիկ գումար լինել:

«Ժողովուրդ»-ն այցելեց Նունեի աշխատավայր՝ տարադրամի փոխանակման կետ: Մեր այցելության ժամին տարածքը հսկում էին ոստիկանության մի խումբ աշխատակիցներ: Մեզ հետ զրույցում նրանցից մեկը, որը բավականին զգուշավոր էր խոսում, ասաց, թե Նունեն դեպքի օրը տարադրամի կետից գումար չի տարել տուն. «Այն, ինչ ասում եմ, հարյուր տոկոս է:  Նունեի պայուսակում, որ հանցագործները տարել են, եղել է ընդամենը 5000 դրամ: Ավելին՝ այս ընթացքում որեւէ տարօրինակ բան չեմ նկատել, ու հիմա էլ ոստիկանության աշխատողներն այստեղ են, որպեսզի իրավիճակը հսկեն, բայց տարածքում ամեն ինչ նորմալ է»:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ եւ 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, ապօրինի զենք, զինամթերք): Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Հուսանք՝ ամուսիններին կյանքից զրկելու միտումով նրանց վրա հարձակված գողերը կստանան իրենց արժանի պատիժը:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more