▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը` «Կոմայգին» միասեռականներից «մաքրելու» մասին. Իրատես de facto

«Երեւանի քաղաքապետի վերջին ընտրություններում թեկնածուներից Արմեն Երիցյանը՝ ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարը, նախընտրական քարոզարշավի ժամանակ մշտապես հայտարարում էր, որ իր ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու է տխրահռչակ «Կոմայգին» միասեռականներից «մաքրելու» համար: Արմեն Երիցյանը քաղաքապետ չընտրվեց, բայց դարձավ նախարար։ Հետաքրքիր է, այգին «մաքրելու» նպատակը դեռ մնո՞ւմ է՝ հարցրինք նրան:

«Հուսով եմ, չեք կասկածում, որ ես մանուկներին շատ եմ սիրում,- ասաց պարոն Երիցյանը,- Այն ժամանակ ինչ ասել եմ, ի սրտե եմ ասել: Ես երեւանցի եմ, ու ինձ համար շատ կարեւոր է այդ այգին: Կարծում եմ, քաղաքապետն այս առումով ինչ-որ միջոցներ կձեռնարկի:

-Ի՞նչ տարբերակ եք տեսնում խնդիրը լուծելու եւ այգին երեխաներին վերադարձնելու համար:

-Անհնար բան չի լինում, խնդրի լուծման ձեւեր կգտնվեն: Ես այն ժամանակ ասացի՝ բերեք լուսավորենք, տեսախցիկներ դնենք: Կարծում եմ, սա առաջին քայլը կլինի, հետո կտեսնենք՝ ովքեր են, ու հետագա քայլերը կարվեն: Հիշում եմ՝ երեխա ժամանակ դա իմ ամենասիրած այգին էր, շատ էինք այնտեղ գնում, ինչո՞ւ մեր բալիկները չպետք է գնան: Դրա համար էլ առավել քան վստահ եմ, որ քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի: Տարոն Մարգարյանին ես հարգում եմ, ինքն իմ ընկերն է, ճիշտ է, խնդիրը դժվար է, բայց ինքը լուծում կգտնի:

-Հայտնի է, որ այգին «զավթած» փոքրամասնությունը բավականին հզոր հովանավորներ ունի, հիմա պիտի պայքարել նրա՞նց, թե՞ նաեւ նրանց հովանավորների դեմ:

-Խնդիրն ամբողջ աշխարհում առկա է, եւ ինձ համար, որպես տղամարդու, դրանց տեսակն անընդունելի է: Որտեղ ուզում են լինեն, ինչ ուզում են անեն, իրենց խնդիրն է, բայց այն վայրերը, որ մեր բալիկների համար են, պետք է զերծ պահել նմաններից: Այսօր այս հարցի լուծումն արդեն իմ խնդիրը չէ, այսինքն, իմ գործառույթների ոլորտում չէ: Այն ժամանակ դա ի սրտե եմ ասել եւ որպես երեւանցի, հիմա էլ եմ ասում ու կանգնած եմ իմ ընկերոջ` Տարոն Մարգարյանի կողքին: Եթե ասի` արի իրար հետ անենք, ես կգնամ կողքին կկանգնեմ»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more