▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախկին երկու նախագահները լուռ են: Ինչո՞ւ»

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Շատերը պնդում են, որ Լաչինի միջանցքը ռուսներն են բացելու:
Ոմանք կարծում են, որ Լաչինի միջանցքի բացումը պայմանավորված կլինի Արևմուտքի դիրքորոշմամբ:
Առաջարկվում է նաև միջանցքը բացել ուժով:
Իսկ, ի՞նչ է լինելու միջանցքի բացումից հետո:
Ինչպիսի՞ն է լինելու Արցախի քաղաքական կարգավիճակը: Արցախը Հայաստանի մա՞ս է դառնալու, անկա՞խ է լինելու, Ադրբեջանի հե՞տ է նույնականացվելու, թե՞ շարունակվելու է 30 տարվա անհասկանալի քաղաքականությունը:
Եթե ամեն ինչ մնալու է նույնը, այսինքն՝ անհասկանալի քաղաքականություն ենք իրականացնելու, ապա արդյո՞ք անհրաժեշտ են զոհեր և զրկանքներ: Ցավոք, նման հարցեր ընդհանրապես չեն քննարկվում:
Կարծում եմ, որ այժմ լավ նախապայմաններ են ստեղծվել Արցախի քաղաքական կարգավիճակի հարցը լուծելու համար: Հասկանում եմ նաև, որ Հայաստանն, ի դեմս օրվա իշխանությունների, ոչնչի ընդունակ չէ: Սակայն, չեմ հասկանում շուրջ 20 տարի Հայաստանի ղեկին կանգնած և Արցախի հետ կապված քաղաքականությունը որոշող անձանց դիրքորոշումը: Թե՜ Սարգսյան Սերժը, թե՜ Քոչարյան Ռոբերտը պետք է հասկանան, որ սա վերջն է: Ի՞նչ է վերջիններիս խանգարում գործել: Եթե չեն կարողանում Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, ապա կարող են, չէ՞, հենց Արցախում գործել: Կամ՝ դուրսը, հանուն Արցախի: Օրինակ՝ կարող են, չէ՞, այդպես անել, որ, ենթադրենք՝ Գվատեմալան, Նիկարագուան կամ (ինչո՞ւ չէ) Ռուսաստանը ճանաչեն Արցախի անկախությունը, ինչը խնդրին կհաղորդի լրիվ այլ երանգ:
Սակայն, նախկին երկու նախագահները լուռ են: Ինչո՞ւ: Կարծում եմ, որ խնդիրն Արցախի հանքերն են: Հենց այն հանքերը, որոնք Արցախի շրջափակման «դե յուրե» առիթ հանդիսացան: Չգիտեմ, թե ովքեր են այդ հանքերի իրական տերերը, սակայն վստահ եմ, որ նախկին երկու նախագահներն ամեն ինչ գիտեն: Գիտեն և լռում են, բոլորիս մատնելով պերմանենտ զոհողությունների:
Ինչևէ: Այժմ Արցախի հանքերի մասին բոլորն են խոսում՝ ադրբեջանցիները, ռուսները, «էկոակտիվիստները», թուրքերը, բրիտանացիները: Միայն Հայաստանի ներկա և նախկին քաղաքական վերնախավն է լռում: Եվ հենց դա է կասկածելի: Միգուցե մեծ եկամուտնե՞ր ունեն: Միգուցե վաճառքի վերաբերյա՞լ են բանակցում:
Համենայնդեպս, այսօր Արցախի քաղաքական կարգավիճակի հստակեցման լավ (միգուցե՝ վերջին) առիթ է: Եվ, եթե ոչ Գվատեմալա (Նիկարագուա, Ռուսաստան....), ապա միգուցե հանքե՞ր: Օրինակ՝ հանքեր կարգավիճակի դիմաց:
ՀԳ. Ամեն դեպքում, Սարգսյան Սերժն ու Քոչարյան Ռոբերտը հանքերի վերաբերյալ չպետք է լռեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more