Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է.
Ընդամենը նայեք այս լուսանկար-ապացույցներին` պատկերացնելու համար, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով։ Ազգային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած հենց այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։
Պատկերացնելու համար վտանգի աստիճանը միայն նշենք, որ, օրինակ, Գեղանուշի պոչամբարում կուտակվում են Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ:
Այս նյութերը մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար: Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չունի իր զինված տեղակայումները թե´ ՀՀ օկուպացված տարածքներից, թե´ մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից հեռացնելու նպատակ. անօրինական տեղակայման վայրերում միայն ամրանում է:
Նորից ենք կրկնում, որ մեր առաջնային նպատակը այս խնդիրն օր առաջ լուծելն է: Առանց դրա` ստեղծված պայմաններում, իրական խաղաղություն հնարավոր չէ: Առկա իրավիճակն էլ պատահականություն չէ. սա ադրբեջանական պետական թշնամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է, որը չունի խաղաղության նպատակ:
Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։ Այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին առանձին զեկույցով. դրանք հավաքագրել է Իրավունքի և արդարության կենտրոնը` «Թաթոյան» հիմնադրամ միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ միասին։