ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը(նախկին Շամշադինի շրջան) թերևս այն շրջաններից է, որն ամենաշատը տուժեց խորհրդային ժամանակաշրջանի՝ սրբավայրերի ու եկեղեցիների կործանման քաղաքականությունից: Եկեղեցիների մի մասն այդ ժամանակահատվածում հիմնովին ոչնչացվեց, իսկ մի քանի պատմական հուշարձաններ թեև կանգուն են, բայց՝ չգործող: Ավելին՝ ԽՄ տարիներին և փլուզումից հետո դեռ երկար տարիներ այստեղ գործող եկեղեցի չկար: Տարածաշրջանի առաջին գործող եկեղեցին սահմանամերձ Մովսեսի Ս. Աստվածածինն է, որը կառուցվել է 2011-ին:
Թերևս նաև սա է պատճառը, որ Բերդի տարածաշրջանում նոր եկեղեցու օծումը յուրահատուկ խանդավառությամբ ու ոգևորությամբ է ընդունվում՝ դառնալով համախմբման առիթ:
Օրեր առաջ Վերին Կարմիրաղբյուր գյուղում բացվեց Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Պատմում են, որ դեռ 1500-ական թվականներին նույն վայրում՝ նույն անվանմամբ փայտաշեն եկեղեցի է եղել, որն ավերվել է անհայտ պատճառներով: Ապա 1701-ին ավերված եկեղեցու տեղում նոր՝ արդեն քարե եկեղեցի է կառուցվել, որն էլ կրկին կործանվել է Խորդային իշխանության տարիներին: Երկար տարիներ այստեղ խաչքար էր տեղադրված: Իսկ այսօր՝ կրկին նույն վայրում վեր է խոյանում արդեն երրորդ Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Եկեղեցու բացման և օծման արարողությունն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառումներով՝ համախմբելով տարբեր վայրերում ապրող Վերին կարմիրաղբյուրեցիներին: Այդ օրը գյուղը հյուրընկալել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խարատուրովին, Տավուշի մարզպետ Արմնեն Ղուլարյանին, ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին…
Եկեղեցին կառուցվել է ռուսատանաբնակ 80-ամյա Մաքսիմ Օհանյանի հովանավորությամբ:
«Եկեղեցու կառուցման ծրագիրը եղել է դեռ 2008-ից: Բայց քանի որ սոցիալական խնդիրները շատ էին, որոշեցինք նախ դրանց լուծում տալ, ապա մտածել եկեղեցու շինարարության մասին: Բարերարը` Մաքսիմ Օհանյանն, ինձ հասկացավ: Ես էլ իմ հերթին խոստացա, որ այդ տարիների ընթացքում հնարավորինս կփորձեմ լուծել սոցիալական խնդիրները: Եվ ահա ժամանակը եկավ, հայտ ներկայացրեցինք բարերարին»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը:
Եկեղեցին կառուցվել է բնակիչների ջանքերով: Շինարարությունը տևել է մի քանի ամիս: Նոր սրբավայրի կառուցման գործում ունեցած ավանդի համար բոլոր շինարարներն արժանացել են պատվոգրերի:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան