▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանավոր խնամիներ Ազգային ժողովում. «Հայկական ժամանակ»

Հայաստանի քաղաքական-բիզնես դաշտում մեկ տասնյակից ավելի նշանավոր խնամիներ կան, նրանց մի մասը՝ Ազգային ժողովում։ Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտից հետո հետաքրքիր է համեմատել խնամի-պատգամավորների կատարած աշխատանքն ու նախաձեռնությունները։

Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան. Խնամիներ են 2009 թվականից։ Երկուսն էլ պատգամավորական աշխատանք են կատարում։ 5-րդ գումարման ԱԺ-ում, ինչ ԲՀԿ-ն իրեն այլընտրանք է հռչակել, խնամիական այս զույգը գոնե քվեարկությունների առումով սկսել է տարաձայնություններ հանդես բերել։ «Parliamentmonitoring.am» կայքը  հնարավորություն է ստեղծել համեմատել, թե  օրինագծերի քվեարկության ժամանակ քանի անգամ են համընկել նրանց դիրքորոշումները։ Աբրահամյանի եւ Ծառուկյանի դիրքորոշումների նմանությունը զրոյական է։ ԱԺ նիստերին պարտաճանաչ մասնակցության առումով  նրանք հակապատկեր են. Հովիկ Աբրահամյանը բացակայել է մեկ, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ 168 անգամ։ Քննարկված հարցերի 97,78 տոկոսին Աբրահամյանը կողմ է քվեարկել, իսկ Ծառուկյանը բացակայել դրանց 93,33 տոկոսից...

Գագիկ Ծառուկյան-Մուրադ Գուլոյան. ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը Աբովյանի քաղաքապետ Կարեն Գուլոյանի հայրն է։ Սկսած 2003 թվականից, իր խնամուն հավասար, Գուլոյանը նույնպես պատգամավոր է բոլոր գումարման Ազգային ժողովներում։ 5-րդ գումարման ԱԺ-ում նրանց քվեարկությունների 33 տոկոսը համընկնում են։
Գուլոյան- Ծառուկյան խնամիական զույգն ընդգրկված է ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակում։ Խնամիները ոչ մի անգամ ելույթով հանդես չեն եկել, որեւէ հարցապնդում չեն արել, ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել։

ԱԺ-ում կա նաեւ գրական-գեղարվեստական խնամիություն.

Մարգարիտ Եսայան-Աղվան Վարդանյան. ՀՀԿ-ական  Մարգարիտ Եսայանը արձակագիր է, դաշնակցական Աղվան Վարդանյանը՝ բանաստեղծ։ Նրանք երկուսն էլ ծնվել են 1958թ. հոկտեմբեր ամսին, նույն թվականին ավարտել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այսինքն՝ համակուրսեցիներ են։ Երկուսն էլ աշխատել են լրագրության ոլորտում։ Միայն թե  Մարգարիտ Եսայանն իր խնամուց ավելի կարգապահ պատգամավոր է։ Աղվան Վարդանյանը ԱԺ նիստերից բացակայել է 37 անգամ, Եսայանը՝ 4։ Փոխարենը դաշնակցական խնամին ավելի շատ ելույթներ է ունեցել։ Եթե տիկին Եսայանը օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի եկել, ապա Վարդանյանը՝ 5 անգամ։ Գրող խնամիների դիրքորոշումները քվեարկությունների ժամանակ միմյանց լրիվ հակառակ են։ Համընկնումների տոկոսը զրոյի է հավասար...»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more