Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ։
Բայց նաև Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը։
Օրբանը մարդասպանավաճառ էր։
Ուստի կարող ենք ասել, որ պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց։
Մնաց բուն մարդասպանը…»
***
Վիկտոր Օրբանի ուժը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում
16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր «Ֆիդես» կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը՝ գտնվելով ընդդիմության մեջ:
Նրա կառավարման ամենավիճահարույց որոշումներից մեկը՝ 2012 թվականին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը։
Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար։
Մարգարյանը, ով ծառայել էր Հայաստանի զինված ուժերում, այնուհետև՝ Պաշտպանության նախարարությունում, 2004 թվականին մեկնել էր Հունգարիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլերենի դասընթացին։
Փետրվարի 19-ի գիշերը, հանրակացարանում քնած ժամանակ, նա ենթարկվել էր Սաֆարովի հարձակմանը, որը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել՝ գրեթե գլխատելով նրան։ Մարգարյանը հետագայում հուղարկավորվել էր Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի 30 տարի ժամկետով։
Սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին նա արտահանձնվեց Ադրբեջանին՝ այն պայմանով, որ կշարունակի կրել իր պատիժը։
Բաքու հասնելուն պես Սաֆարովին անմիջապես ներում շնորհվեց, նրան բարձրացրին կոչումով և սկսեցին հանրային մակարդակով մեծարել։
Գործը լրացուցիչ աղմուկ բարձրացրեց 2017 թվականին, երբ հունգարացի հետաքննող լրագրողները հրապարակեցին տվյալներ այն մասին, որ արտահանձնման ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից շուրջ 7 միլիոն դոլար փոխանցվել է հունգարական բանկային հաշվեհամարին։


