▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության բաժնի 3 պետ` մեղադրյալի աթոռին. «Ժողովուրդ»

2014թ. փետրվարի 28-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանների գործն օրերս ուղարկվել է դատարան: Մեղադրյալի աթոռին են հայտնվել ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանը, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանը եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, տուժողների հարազատներից Հայկ Հայրապետյանն ասաց, որ իր բարեկամներին ծեծել են  Վարդենիսի բաժնի պետի` Վալերի Բաղյանի հրահանգով, ով մեղադրյալների շարքում չէ: 

 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը մարտի 12-ին գրել էր,  որ  Ծովակ գյուղի բնակիչներ հայր ու որդի՝ Գնել եւ Արսեն Հայրապետյանները, ոստիկանության Վարդենիսի բաժնում մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել: Մեզ հետ զրույցում Արսենի հորեղբայրը՝ Հայկ Հայրապետյանը,  պատմել էր,  որ տղային ծեծի են ենթարկել՝ պահանջելով տեղեկություններ տալ  տեղի ունեցած վեճի վերաբերյալ, սակայն Արսենը հրաժարվել էր՝ ասելով, թե տեղյակ չէ, ինչի համար էլ ծեծել էին նրան:

Ավելին՝ գրել էինք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանն  անձամբ է ատրճանակի պոչով հարվածել բերման ենթարկվածների գլխին:

Այս դեպքի մասին դեռեւս 2014թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Վարդենիսի ոստիկանության մի սպա է կալանավորվել՝ ծեծի համար: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 12. 03. 2014թ.  հարուցվել էր քրեական գործ, եւ նախաքննությամբ պարզվել է, որ «2014 թվականի փետրվարի 28-ին Գնել, Արսեն եւ Արամայիս Հայրապետյանները հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին` 2014 թվականի փետրվարի 26-ին քաղաքացի Արայիկ Մ.-ի՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ նրանցից տեղեկություններ ճշտելու եւ բացատրություն վերցնելու նպատակով: Նույն օրը՝ ժամը 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանը Արայիկ Մ.-ի՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ Արսեն Հայրապետյանից տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանության բաժնի աշխատասենյակում բռնություն է կիրառել նրա նկատմամբ: Վերոհիշյալ նպատակով Արսեն Հայրապետյանի նկատմամբ բռնություն է գործադրել նաեւ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանը: Այնուհետեւ Արսեն Հայրապետյանը տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի մեկ այլ աշխատասենյակ, որտեղ Ա. Թաթոսյանը վերստին նրանից տեղեկություններ կորզելու նպատակով իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածքներ: 2014 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Արտյոմ Թաթոսյանը, Վարդ Գրիգորյանը եւ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկություններ են ցանկացել կորզել նաեւ Գնել Հայրապետյանից, ում նկատմամբ եւս վերջիններս բռնություն են գործադրել»:

Արտյոմ Թաթոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, իսկ Վարդ Գրիգորյանի եւ Կարեն Հարությունյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

«Այս գործով մեղավորների հարազատները «չերեզ»-ներով փորձել են մեզ հետ խոսել, իրավիճակը փրկելու եզրեր գտնել, բայց մենք մեզ հեռու ենք պահել եւ տոն չենք տվել՝ հայտարարելով, որ ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արսեն Հայրապետյանի հորեղբայրը՝ Հայկ Հայրապետյանը՝ նշելով, որ կալանավորված կապիտանն, ինչպես նաեւ պետի տեղակալն ու քրեական բաժնի պետը վստահեցրել են, թե  ոստիկանության Վարդենիսի բաժնի պետը տեղյակ չի եղել կատարվածից: «Իրանք պետք է ասեին, որ իրենց պետն է հրամայել, իրենք էլ ծեծել են, բայց չասացին: Ախր  ծեծը չէր կարող կատարվել առանց բաժնի պետ Բաղյանի իմացության: Ո՞նց կարող է բաժնում մարդ ծեծվի, եւ այն էլ ինչ ծեծ, ու նրանց բաժնի պետը չիմանա: Տենց բան չկա,  ամեն ինչ էլ նրա իմացությամբ է կատարվել  ու նրա հրամանով: Բոլորն իր կազմակերպածն էր»,-իր համոզմունքը պնդեց  Հայկ Հայրապետյանը:

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more