▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ են մոլորեցնում. «Ժողովուրդ»

Ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված արյունալի միջադեպերի եւ լարվածության աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ երեկ իրենց մտահոգությունն են արտահայտել եւ կրակի դադարեցման կոչերով կողմերին են դիմել գրեթե բոլոր գերտերությունները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, նաեւ  Շվեյցարիան եւ  ԵԱՀԿ խմբի միջնորդները: Մինչդեռ այն կառույցը, որի հետ մենք ունենք անվտանգության երաշխավորման պայմանագիր, մինչ օրս շարունակում է քար լռություն պահպանել: Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, որի անդամներն ուղղակի պարտավորություն ունեն մասնակից պետություններից որեւէ մեկի սահմանների վրա հարձակման դեպքում արձագանքել:

Դեռեւս երկու տարի առաջ, երբ Հիլարի Քլինթոնի` տարածաշրջանային այցի նախօրեին դարձյալ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում Տավուշի սահմանագոտում զոհվեց չորս հայ զինվոր, հայ լրագրողների համառ զանգերի եւ գրավոր դիմումների արդյունքում ՀԱՊԿ  մամուլի խոսնակն,  ի վերջո, հարկ համարեց «կեսբերան» դատապարտել կատարվածը: Մինչդեռ հիմա անգամ այդ «կեսբերան» արձագանքն էլ չկա:

Մինչ օրս ՀԱՊԿ-ի հետ կապված քիչ թե շատ  հստակ  միակ հայտարարությունն անցած աշնանն արել է  Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին` նշելով. «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով  իր իրավասությունը վերականգնել  Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ` ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններրն համաձայն»: Այս հայտարարությունը, սակայն,  ոչ միայն չերկրորդվեց, այլեւ քիչ անց սրբագրվեց Մոսկվայի կողմից:

Եվ եթե մինչ այդ բոլոր սահմանային միջադեպերի ժամանակ թե՛ ՀԱՊԿ, թե՛ հայ պաշտոնյաները փորձում էին արդարացնել ՀԱՊԿ-ին` նշելով, որ այդ կառույցը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետության, եւ ոչ թե ԼՂՀ սահմանները, ապա հիմա արդեն հենց Հայաստանի Հանրապետության սահմաններն են գտնվում թշնամու չդադարող կրակահերթերի տակ:

Կասկածից դուրս է, որ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են, թե անհրաժեշտ պահին որքան խախուտ կարող է լինել ՀԱՊԿ-ի անվտանգության հովանոցը: Սակայն, գիտակցելով հանդերձ` փորձում են «ձգել» ՀԱՊԿ-ի միֆը. ի վերջո` թեկուզ չաշխատող անվտանգության հովանոցն ավելի լավ է, քան դրա իսպառ բացակայությունը: Ամբողջ հարցն այն է` թե ում համար է խաղարկվում այդ «միֆը», արդյոք միայն ադրբեջանական կողմի, թե նաեւ Հայաստանի հանրության համար:

 


Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more