▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եք՝ նստեմ, նստում եմ, իմ համար էլ եմ նստում, ձեր համար էլ, էլ ի՞նչ եք ուզում.«Ժողովուրդ»

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանական ճառը կրքեր բորբոքեց: Բանն այնտեղ հասավ, որ դատական կարգադրիչները ստիպված եղան տուժող կողմից Արթուր Հակոբյանի ձեռքերից քաշքշելով՝ նիստերի դահլիճից դուրս հրավիրել, իսկ ավելի ուշ սկսվեց վիճաբանություն Վարդան Պետրոսյանի եւ տուժող կողմի հարազատների միջեւ:

Դատարանում երեկ պաշտպանական ճառով առաջինը հադես եկավ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, որ վերլուծելով ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարության ընթացքում թույլ տված բազմաթիվ խախտումները՝ կարծիք հայտնեց, որ այն, ինչ կատարվում է, կազմակերպված է, եւ ինքը չի կարող չհավատալ, որ դա այդպես չէ:

Թեժ ելույթներից հետո հերթը հասավ դերասան Վարդան Պետրոսյանին:

Նա անընդհատ նշում էր, որ հաշտություն էր ցանկանում. «Ամբողջ ընթացքում փնտրել եմ ճանապարհներ, որ մեր ընտանիքները կարողանան հաշտվել: Էս խաչը տանելու եմ ամբողջ կյանքով մեկ: Ուզում եք՝ նստեմ, նստում եմ, իմ համար էլ եմ նստում, ձեր համար էլ, էլ ի՞նչ եք ուզում: Ինձ արդեն նստեցրել են, ես արդեն բանտում եմ: Երբ ես ասում եմ՝ կյանքս կտամ Տաթեւիկի համար, համացանցում գրում են՝ դերասան, թատրոն եմ խաղում, Էլ բան ու գործ չունեմ»:

Դերասանն անդրադարձավ նախորդ դատական նիստի ժամանակ ընթերցված  տուժող Հայկ Հակոբյանի կնոջ՝ Աննա Կարապետյանի ճառին եւ շնորհակալություն հայտնեց, որ Կարապետյանն իր ճառում նշել է, որ հասկանում է՝ սպանությունը կանխամտածված չի եղել:

«Ուրախ եմ, որ գոնե ընդունում են, որ սա դժբախտ պատահար էր: Աննա Կարապետյանն ասել էր՝ իր վիշտը ոչ մի կերպով չմխիթարվեց, եւ նա լքում է երկիրը: Հարգելի՛ դատարան, Դուք չեք կարող պատկերացնել, թե ես դա ինչպես կարող եմ հասկանալ: Եկեք ընդունենք, որ ես սերիական հանցագործ չեմ: Սա շատ ծանր բան էր ինձ համար: Ես հիվանդանոցում մտածում էի՝ ոնց եմ շարունակելու իմ կյանքը, փախչելու եմ քարանձավում՝ աղոթելու: Փառք Աստծո, ես ընկա կալանավայր, իմ կալանակից եղբայրների ձեռքը: Նրանք ինձ սովորեցրին, որ չպիտի փախնեմ դժբախտությունից: Սովորեցրին ապրել էդ ողբերգությունը ձեռքումդ: Երբ ես ասեցի, որ էդ երկու երեխաները իմն են, ոչ մի երկակի իմաստ մի գտեք: Նրանք հոգեւոր իմաստով իմն են: Այդ տղաների շնորհիվ իմ խոսքը ձեռք կբերի մի ուրիշ հոգեւոր որակ»:

Վարդան Պետրոսյանի պաշտպանական ճառից հետո էլ դատարանում իրավիճակը թեժ էր, տուժող եւ մեղադրվող կողմի ներկայացուցիչները վիրավորում էին միմյանց:

Հիշեցնենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 26-ին: 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more