▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է եղել Լևոն Երանոսյանը մինչև «ականջները».«Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի անունը վերջին շրջանում ամենաքննարկվածն է դարձել: Ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու դեպքերը հենց նրա հետ կապեցին, իսկ վերջինս էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել էր, ո՛չ էլ հաստատել, որ իր հրամանով են նրանց ծեծի ենթարկել: Նա մեզ հետ զրույցում հայտարարել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Հենց այս արտահայտությունն էլ պատճառ դարձավ, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը որոշեցին պահանջել նրա պաշտոնանկությունը: Իսկ օրեր առաջ էլ նույն այս արտահայտության համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Լ. Երանոսյանին նկատողություն հայտարարվեց: Սակայն դրանից հետ էլ նա կրկնեց իր կոշտ խոսքերը՝ դարձյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: «Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ»,- հայտարարել էր Երանոսյանը:

Իսկ ո՞վ էր նա մինչ ականջների՝ զազրելի ու միաժամանակ զվարճալի այս պատմությունը: Նա շատ հետաքրքիր անցյալ ունի, որի մասին թերեւս շատ քչերը գիտեն:

Լ. Երանոսյանը ծնվել է 1964թ. մարտի 30-ին, Հոկտեմբերյանի շրջանի Երասխահուն գյուղում:  1983-85թթ. ծառայել է խորհրդային բանակում: Բանակից վերադառնալուց հետո՝ 1985թ., ընդունվել է համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտ, որն էլ ավարտել է 1991թ.-ին եւ ստացել իրավաբանի որակավորում: Նա 1990թ. անդամագրվել է «Էջմիածին» կամավորական ջոկատին եւ դրա կազմում մասնակցել մարտական գործողությունների: 2001թ. ՀՀ նախագահի հրամանով նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Իր ներկայիս պաշտոնին Երանոսյանը նշանակվել է 2012թ. ապրիլին, ՀՀ նախագահի հրամանով: Իսկ արդեն այս տարվա ապրիլին, կրկին ՀՀ նախագահի կողմից, արժանացել է գեներալ-լեյտենանտի կոչման:

Ինչպես արդեն նշեցինք՝ նա եղել է «Էջմիածին» կամավորական ջոկատի անդամ, կռվել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորած կամավորական հինգերորդ բրիգադի կազմում: Երկար տարիներ՝ գիտակից կյանքում, Լեւոն Երանոսյանը միշտ եղել է Մանվել Գրիգորյանի կողքին թե՛ բանակում, թե՛ երկրապահում: Սակայն այդ մտերմությանը վերջ դրվեց 2008թ-ին, երբ Մանվել Գրիգորյանն ինչ-որ ակնարկներ արեց, թե միանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: Հենց այդ ժամանակ էլ, ի թիվս մի շարք գեներալների, Լ.Երանոսյանը նույնպես դիմում է գրում եւ դուրս գալիս «Երկրապահ»-ից: Նա պատճառաբանում է, թե դուրս է գալիս ԵԿՄ-ից, քանի որ այն շեղվում է իր ուղուց: Հենց այս քայլով էլ Երանոսյանը փրկեց բանակային N կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Չնայած արդեն վեց տարի է անցել, բայց մինչեւ հիմա Լ. Երանոսյանն ու Մ. Գրիգորյանը գրեթե թշնամական հարաբերություններ մեջ են, քանի որ ԵԿՄ նախագահը նրան համարում է դավաճան, ով նեղ պահին թողեց նրան եւ «թռավ»: Լեւոն Երանոսյանը նաեւ Սերժ Սարգսյանի մտերիմն է եւ երկար տարիներ հավատարիմ ծառայում է նրան: Հենց այդ հավատարմության եւ մտերմության շնորհիվ էլ ՀՀ նախագահի կողմից արժանացել է տարբեր պարգեւների ու, վերջապես, նշանակվել ներքին զորքերի հրամանատար: Նա համարվում է Սերժ Սարգսյանի կուլիսային բանակցողներից մեկը, սակայն ազատամարտիկների ծեծի դեպքում չափն անցավ եւ ամեն ինչ ձախողեց, որի համար էլ նկատողություն ստացավ ոստիկանապետից, բայց, իհարկե, «ձեւական»:

Նշենք, որ գեներալ Երանոսյանի անվան հետ բազմաթիվ դեպքեր կան կապված, այդ թվում եւ՝ Լոռու մարզի անտառահատումների թեման: Բանակային N կորպուսի հրամանատար լինելու տարիներին նա փայտի բիզնես էր անում. դրանք կտրում էր եւ վաճառում, բնականաբար, զինվորների օգնությամբ: Այդ ամենը նա կատարում էր գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանի հետ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more