«Հետքը» գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկար» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
4 ֆիլմ է ներկայացված եղել «Օսկարի»՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը», Շողակաթ Վարդանյանի «1489» և Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմերը: Ընտրությունները գաղտնի են անցկացվել:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը այս որոշման առնչությամբ` «Հետքը» զրուցել է Կինոակադեմիայի անդամների հետ՝ պարզելու, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել ընտրություն կատարելիս ու նրանցից յուրաքանչյուրը որ ֆիլմն է ընտրել։ Մեզ հաջողվեց զրուցել Կինոակադեմիայի 15 անդամի հետ»։