▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր համարում են, որ չեմ կարողացել Նժդեհ մարմնավորել, թող նայեն իմ ողջ անցած ճանապարհը

Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին տարբեր լուրեր եւ արձագանքները շարունակում են քննարկման առարկա լինել ու նոր բամբասանքներ են ծնում։ Ինչպես է դրանց վերաբերվում հայ դերասան Արտաշես Ալեքսանյանը, որը էկրանին մարմնավորել էպատմական մեծ գործչին: Այս եւ շատ այլ բաների մասին դերասանը պատմել է Նյուզ.am STYLE-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ:

Ի՞նչ նշանակություն ունի Գարեգին Նժդեհի դերը Ձեր համար։

Բոլոր դերերը տարբերվում են միմյանցից: Միանման դերեր չեն լինում: Սակայն այս դերն ունի իր յուրահատկությունը: Սա մեր պատմությունն է, մեր հերոսը, որին պետք է արժանի կերպով ներկայացնել: Իմ խնդիրներից մեկը եղել է Գարեգին Նժդեհին հանդիսատեսին ներկայացնել ոչ թե որպես հայրենասերի եւ փիլիսոփայի, այլ՝ որպես մարդու: Ներկայացնել նրա մարդկային որակներն ու ապրումները: Չէ՞ որ մենք բոլորս էլ աշխարհում, նախ եւ առաջ, մարդ ենք:

Ֆիլմի ո՞ր հատվածում է դա առավել վառ երեւում։

Երբ Գարեգին Նժդեհը բղավում է ԱԱԿ աշխատակիցների վրա: Նա ուղղակի բղավելու համար չի բղավում: Նժդեհն այն վիճակում էր, որ ստիպված էր հիշեցնել՝ ո՞ւմ հետ գործ ունեն նրանք: Նրանք հայերեն չեն հասկանում՝ Նժդեհը ռուսերեն է բղավում: Ի դեպ, պետք էր ներկայացնել նաեւ Նժդեհի անձի այս կողմը՝ չէ՞ որ նա շատ լեզուներ գիտեր: Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք, ոչ թե ծաղրել ու հեգնել մեր ազգային արժեքները։

Ի դեպ, այդ մասին։ Չէ՞ որ ֆիլմի մասին քննադատական ու բացասական արձագանքները հայտնվեցին ֆիլմի էկրան բարձրանալուց դեռ շատ առաջ…

Կան արժեքներ ու սրբություններ, որոնց չի կարելի ձեռք տալ։ Կարելի է կատակել, սակայն կուտակվող նախանձն ու չկամությունը մտածելակերպի մաս են դառնում։

Հայ հանդիսատեսը, հատկապես երիտասարդ սերունդը, ձեր մասին գիտի սերիալներից, ոչ թե թատրոնի դերերից։ Դրանցում դուք մեծ մասամբ բացասական հերոսների եք մարմնավորում։ Ի՞նչ արձագանքներ եղան Գարեգին Նժդեհի դերի ձեր կատարմանը։

Լավ, ես նույնիսկ կասեի՝ հրաշալի։ Ես մեղավոր չեմ, որ մարդիկ չեն հասկանում, որ դերասանը պետք է ցանկացած դեր կարողանա խաղալ։ Թող նրանք, ովքեր համարում են, որ ես չեմ կարողացել Նժդեհ մարմնավորել, նայեն իմ ողջ անցած ճանապարհը, իմ կատարած դերերը։ Կա ակնառու պատմություն։ Եւ ես մեղավոր չեմ, որ մարդն այնքան հիմար ու տգետ կարող է լինել, որ կքննադատի ու կասի, թե բացասական կերպար մարմնավորած մարդը չի կարող պատմական դեմք մարմնավորել։ Սա ամենեւին էլ իմ առաջին դերը չէ, երբ ես դրական հերոս եմ խաղացել։

Ի՞նչ եք կարծում, «Գարեգին Նժդեհը» կարող է ազդել հայ երիտասարդության վրա, օգնել նրան հետ կանգնել հետընթացի ճանապարհից։

Վստահ եմ, որ անպայման կազդի։ Եւ ինձ ավելի ուրախացնում են այն արձագանքները, որոնք խորհուրդ են տալիս անպայման նայել ֆիլմը երեխաների հետ միասին։

Եւս մեկ խորհուրդ ինձնից. թող բոլոր տգետները նայեն ֆիլմը։ Միգուցե մտքներով կանցնի գիրք վերցնել ու Գարեգին Նժդեհի մասին կարդալ։ Եւ այդ ժամանակ կհասկանան, որ հայերը նրանք չեն, ովքեր հայերեն գիտեն։

Մի հետաքրքիր փաստ էլ ձեր մասին։ Մարդիկ համարյա ոչինչ չգիտեն Արտաշես Ալեքսանյանի մասին։ Ինչպիսի՞ն է նա կյանքում։

Այդ մասին ես չէ, որ պետք է պատմեմ: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ կյանքում ես դերասան չեմ: Ինչպես ասել է Հովհաննես Թումանյանը, «դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա եւ տգեղ՝ կյանքում»: Ընդհանրապես կյանքում խաղալու համար էներգիայի մեծ պաշար է պետք: Բացի այդ, երիկամները, սիրտը, թոքերը չեն դիմանա: Կմաշվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more