▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական պատահար Կոտայքի մարզում. 5-ամյա երեխան մահացել է


Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Զառ գյուղից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհին ԶԻԼ ՄՄԶ մակնիշի 14 OO 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ակունք գյուղի բնակիչ 26-ամյա Զորիկ Խալաթյանը վարելով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զ. Խալաթյանը, ուղևորներ Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներ 46-ամյա Սամվել Սուքիասյանն ու 21-ամյա Համլետ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է մեկ այլ ուղևոր 5-ամյա Պետրոս Խալաթյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած երեխան վարորդի տղան է, իսկ վիրավորներ Ս. և Հ. Սուքիասյանները հայր ու որդի են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վերջիններս էլ վիրավորներին ուղեկցել են հիվանդանոց: Ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով քննիչ Հ. Պետրոսյանը հարուցեց քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այս պահին Աբովյանի քննչական բաժնի մի քանի քննիչներ, ոստիկանության Աբովյանի բաժնի փորձագետի հետ վթարի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, ինչի համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ այդ թվում դիակի դատաբժշկական և ավտոմեքենայի դատաավտոտեխնիկական:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ուղևորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more